ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչը Արայիկ Հարությունյանին մետրոյի ժետոն և հրաժարականի նամակ փոխանցեց

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի այսօրվա հանրային քննարկմանը ՀՅ Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը մետրոյի ժետոն և հրաժարականի նամակ փոխանցեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։

Վարդանյանն իր խոսքում ասաց. - «Հույս ունեմ, որ Դուք երեկ հանգիստ քնել եք։ Երեկ միայն այսպիսի հանդիպում կազմակերպելու համար, բայց մեր օրակարգում եղած բոլոր հարցերը քննարկելու համար քաղաքացիները հանդիպում էին պահանջում։ Նրանցից 24-ը արդյունքում հայտնվեցին բաժնում»։

Հիշեցնենք, երեկ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող Դաշնակցության երիտթևի 24 ներկայացուցիչներին ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման ենթարկեց՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Երիտասարդները նախ պահանջում էին Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում՝ քննարկելու կրթության ոլորտում առկա խնդիրները, օրինակ՝ նրանք շաբաթներ շարունակ քննադատում էին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու նախարարության առաջարկությունը։ Նախարարությունից փոխանցել էին, որ հանդիպում կազմակերպելու համար գոյություն ունի ընթացակարգ։ Այս պատասխանից հետո երիտասարդները փորձեցին ներս մտնել նախարարության շենք և մի քանի րոպե նստեցին շենքի մուտքի մոտ, սակայն, ոստիկանները ուժ կիրառելով երիտասարդներին հեռացրին տարածքից։ Վերջիններս փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը, որը բացվեց միայն ոստիկանների կողմից ուժի կիրառման հետևանքով։ Նշենք, որ տարածքում տեղակայված էին մեծ թվով ոստիկաններ, որոնց թիվը մի քանի անգամ գերազանցում էր ցուցարարների թվին։