Աշխարհում օդի միջին ջերմաստիճանը վերջին տասնամյակում աննախադեպ բարձրացել է

Ռեկորդային բարձր ջերմաստիճանը մասնագետները պայմանավորում են ջերմոցային գազերի արտանետումներով

Մասնագետները գրեթե կասկած չունեն, որ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը 2010 թվականից մինչև 2019-ը դարձել է ամենաբարձրը բոլոր ժամանակների համեմատ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ամառը կարող է դառնալ երկու կամ երեք ամենատոթ ամառներից մեկը երկրագնդի վրա ջերմաստիճանի չափումից ի վեր, ասվում է Մադրիդում մեկնարկած կլիմայի փոփոխությունների հարցերով գագաթնաժողովի ընթացքում հրապարակված Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության զեկույցում:

Անցնող տարվա ընթացքում աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվել աշխարհի բազմաթիվ անկյուններում: Սովորականից տոթ էր Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում, իսկ Հյուսիսային Ամերիկայի տարբեր հատվածներում՝ սպասվածից ավելի ցուրտ:

Այս տարվա հունիս և հուլիս ամիսներին հատկապես Եվրոպան բախվեց սաստիկ շոգ եղանակի՝ հունիսի 28-ին Ֆրանսիանում արձանագրվել է աննորմալ բարձր` այդ երկրի համար ռեկորդային 46 աստիճան շոգ: Ռեկորդային շոգեր են գրանցվել նաև Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Մեծ Բրիտանիայում: Իսկ Հարավային Ամերիկայում անտառային հրդեհների մակարդակը ամենաբարձրն էր 2010 թվականից ի վեր:

Վերջին տասնամյակում գրանցված ռեկորդային բարձր ջերմաստիճանը մասնագետները պայմանավորում են ջերմոցային գազերի արտանետումներով, որոնք համարվում են մարդկային գործունեության հետևանք:

Բնապահպանական հարցերով փորձագետների համոզմամբ՝ միջին ջերմաստիճանի բարձրացումը ազդում է ոչ միայն բնության, այլ նաև մարդկանց վրա: Սաստիկ տոթը հատկապես ծանր է անդրադառնում տարեցների վրա:

Մասնագետները նշում են, որ 2019 թվականի երկրորդ կեսին շուրջ 7 միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները բնապահպանական աղետների պատճառով՝ առավելապես ջրհեղեղների, փոթորիկների կամ երաշտների: Առաջիկայում այդ թիվը կարող է հասնել 22 միլիոնի: