Ազգային ժողովը չընդունեց Ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին օրինագիծը: Այսօր առավոտյան երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության արդյունքում նախագիծն ստացավ 19 կողմ ձայն, 89 պատգամավորներ դեմ էին:
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացրած օրինագծին առաջին ընթերցմամբ խորհրդարանական մեծամասնությունը սեպտեմբերին կողմ էր արտահայտվել, շուրջ մեկ ամիս անց Ազգային ժողովը նախագծին երկրորդ ընթերցմամբ դեմ էր քվեարկել՝ իշխանության ու ընդդիմադիրների միջև պայմանավորվածության արդյունքում, որպեսզի կարողանան վերադառնալ առաջարկների ներկայացման փուլին՝ փոփոխությունն ավելի ամբողջական դարձնելու համար:
Քաղաքական մեծամասնության դիրքորոշման փոփոխության կապակցությամբ երեկ տարակուսանք հայտնեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, հայտարարեց, թե նախագծով խարխլվում և ձևախեղվում է համակարգը: Վարդանյանն արդարացավ՝ զօրուգիշեր են աշխատել և այդպես էլ չեն գտել իրավական այն ճանապարհը, որը հակասություն չի առաջացնի Սահմանադրության հետ: