ՀԱՖՆ-ն տարին կեզրափակի Խատիա Բունիաթաշվիլու համերգով

Տարեվերջյան այս օրերին ընդունված է ի մի բերել տարվա ընթացքում կատարած աշխատանքը, առավել ևս՝ եթե այն ստեղծագործական է և առավել ևս՝ եթե խոսքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) մասին է, որը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ տարվա այս վերջին ամսին ավանդաբար հանդես է գալիս յուրահատուկ ծրագրով։

Այս տարի նվագախմբի ծրագրերը փոքր-ինչ փոխվել են, քանի որ, ինչպես այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, նվագախումբն այս տարեվերջին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնելու է հյուրախաղերի և Հովհաննես Չեքիջյանի ծննդյան օրվա՝ դեկտեմբերի 23-ի ավանդական համերգը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։

«Դեկտեմբեր ամիսը մեր մոտ ամփոփման ամիս է և համերգներ շատ մեծ քանակի չունենք: Սակայն պետք է ասեմ, որ դեկտեմբերի 25-ից ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է Չինաստան հյուրախաղերի՝ տասը համերգով: Տասնհինգ օր՝ ներառյալ Նոր տարին, անցկացնելու ենք Չինաստանում՝ մի ծայրից մյուս ծայրը, և ավարտելու ենք Պեկինի օպերային թատրոնում շատ մեծ համերգով: Դեկտեմբերի 6-ին մենք կունենանք մաեստրո Չեքիջյանի ծննդյանը նվիրված համերգ: Իհարկե, այս տարի ավանդույթը մի փոքր խախտվում է, քանի որ քաղաքում չենք լինելու: այդ օրը մաեստրոն կղեկավարի նվագախումբը», - նշեց Սիրունյանը:

Իսկ դեկտեմբերի 15-ին կկայանա մեկ այլ ուշագրավ համերգ, որը չի կարող անտարբեր թողնել մեր երաժշտասերներին․ - «Շատ հետաքիքիր և շատ սպասված մի համերգ․ տարին կեզրափակենք հենց Խատիա Բունիաթաշվիլու համերգով, Ռախմանինովի երկրորդ կոնցերտով, որը նաև կլինի մեր տարվա տոնական ամփոփումը»:

Հարցին, թե արդյոք գոհ են այս տարվա իրենց ձեռքբերումներից, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը պատասխանեց․ - «Ընդհանրապես, երբ հետադարձ հայացք ես նետում, տեսնում ես, որ իրապես շատ մեծ գործ է արված, բայց եթե ես ղեկավար եմ ու անընդհատ ասեմ, թե գոհ եմ, շատ դժվար կլինի աշխատելը: Ունեցել ենք նաև շատ թերություններ, որոնց կապակցությամբ հետևություններ ենք անում: Այդուհանդերձ մեկ բառով պետք է ասեմ, որ բավարար եմ գնահատում մեր աշխատանքը, որովհետև շատ ծանրաբեռնված տարի ենք ունեցել: Պետք է ասեմ, որ 2020-ը շատ ավելին է լինելու, որովհետև սկսելու ենք Ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա հոբելյանով, Բեթհովենի 250-ամյակով, Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակով, Ղազարոս Սարյանի 100-ամյակով: Այսինքն այնքան բուռն տարի է լինելու, որ չգիտենք, թե որ տարեթվին ենք ամենաշատը անդրադառնալու: Բայց ամբողջ տարին կհայտարարվի Ֆիլհարմոնիկի 95-ամյակի տարի»: