Սիմոնյանն առաջարկում է կրկին անցնել ամառային և ձմեռային ժամերի. տնտեսագետը դրանում ռիսկեր է տեսնում

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն առաջարկում է կրկին անցնել ամառային և ձմեռային ժամերի, այսինքն՝ աշնանը ժամացույցների սլաքները մեկ ժամ հետ տալ, իսկ գարնանն ընդհակառակը։

Հայաստանցիներն այս ձևաչափով ապրել են 15 տարի, 2012-ին գործադիրը որոշեց դադարեցնել ամառային ժամանակին անցնելու գործընթացը, ԱԺ -ն էլ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթը։ Աշխարհագրորեն Հայաստանը GMT +3 ժամային գոտում է, սակայն նախորդ դարի 30-ականներին խորհրդային մյուս երկրների հետ փոխել է հաշվարկման կարգը և հայտնվել GMT +4 գոտում, այսիսնքն՝ 1997-ից 2012 թթ. իր աշխարհագրությամբ պայմանավորված ժամանակից «առաջ է ընկել» երկու ժամով՝ հայտնվելով GMT +5-ում։

«Տրամաբանությունը մեկն է՝ օգտագործել բնական լույսը և չվատնել հոսանք։ Դա անում են գրեթե բոլոր զարգացած երկրները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ որոշ հաշվարկների համաձայն, այս ձևաչափը թույլ է տալիս 7-10 տոկոս էլեկտրաէներգիա խնայել, մարդիկ էլ կկարողանան լույսով ճանապարհ ընկնել. «Ինչո՞ւ վճարել ավել, եթե կարելի է օգտագործել բնական լույսը։ Ընդդիմախոսներն ասում են, որ դա մարդու համար սթրեսային իրավիճակ է առաջացնում, բայց ես ներողություն եմ խնդրում, մենք երբ որ էստեղից տեղափոխվում եք Մոսկվա, չեմ կարծում, որ որևիցե մեկը նկատում է այդ մեկ ժամվա տարբերությունը», - ասաց պատգամավորը։

ԱԺ փոխնախագահը տեղեկություն ունի, թե 2012-ին ամառային ժամանակին անցումը դադարեցվել է, որպեսզի էլեկտրաէներգիայի համար ավելի շատ գումար վճարվի:

«Ազատության» հարցումների ժամանակ քաղաքացիներից ոմանք նշեցին, որ սա ճիշտ որոշում է, մյուսները գտնում են, որ այսպես շատ ավելի լավ է։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այս փոփոխության անհրաժեշտությունը տեսնում է։ Նա կարևորում է էլեկտրաէներգիայի խնայումը։ Ըստ նրա՝ այդպիսով սահմանափակվում են գողություն կատարողների հնարավորությունները, քանի որ մարդիկ լույսով տուն կգնան, ժամային փոփոխությունը կազդի նաև ճանապարհային երթևեկության վրա։

«Բնական է՝ եթե բնական լույսն օգտագործվի պիկ ժամերին, շատ ավելի քիչ կարող է լինել պատահարների, խցանումների քանակը, գոնե այս փուլում, երբ որ անլուծելի խնդիր են խցանումները, վթարները։ Կարծում եմ՝ թերևս ճիշտ կլինի դա որպես լուծում», - նկատեց նա։ Մարգարյանն այդուհանդերձ ընդգծեց՝ շուկաների համադրելիության խնդիր կա։

«Ի վերջո, միլիոնավոր պայմաանգրեր կան կնքված գործընկեր տարբեր սուբյեկտների միջև, և բնականաբար ժամային գոտու փոփոխությունը կարող է որոշակի դիսոնանս առաջացնել։ Դա միանշանակ է, եթե ՌԴ-ն՝ Հայաստանի հիմնական գործընկեր երկիր, փաստորեն հրաժարվել է այս մեխանիզմից, բնականաբար ինչ-որ անհարմարություններ կարող է ստեղծել այս փոփոխությունը», - նշեց նա։

Տնտեսագետը հավելեց՝ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի խնոյողության պայմաններում հնարավոր է՝ էլեկտրաէներգիա վաճառող ընկերությունները սակագների բարձրացման խնդիր դնեն։