Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին և նրա վարսավիր Սերոբ Բարֆյանին առնչվող հրապարակումների հիման վրա: Տեղեկությունը «Ազատությանը» հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Օրեր առաջ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել: Ինքը մարզպետը հերքել է, թե նման միջադեպ է տեղի ունեցել, և կոչ էր արել իրավապահներին զբաղվել այս հարցով:
Վարսավիր Սերոբի տանն այսօր այս թեմայով հարցերի պատասխանել չցանկացան: Մայրը միայն հաստատեց, որ նախորդ շաբաթվա վերջին որդու և ամուսնու հետ իրավապահները խոսել են, և նրանք պատմել են այն ամենը, ինչ գիտեն:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս «Ազատությանը» փոխանցեց, որ իրավապահների հետ զրուցել է այսօր առավոտյան. - «Ես ինչքանով որ տեղեկացա, մյուս կողմն էլ հերքել է, որ ինչ-որ բան տեղի է ունեցել, ծեծկռտուք կամ հրմշտոց, ինչպես որ ասվել է վարսահարդարի հոր կողմից», - ասաց նա:
«Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Սերոբ Բարֆյանը Նոր Կյանքից տեղափոխվել Տափերական աշխատելու, Սարգսյանը պատասխանեց, որ այդ ինֆորմացիային չի տիրապետում և, չնայած վերջին օրերին հարցի ստացած հնչեղությանը, չի էլ փորձել ճշտել: