Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը») հայտարարեց՝ թեև իրենք կողմ են ընդդիմադիր խմբակցության առաջարկի սկզբունքներին, օրինագիծն այս տեսքով հնարավոր չէ ընդունել, կարող են Սահմանադրությանն առնչվող խնդիրներ առաջանալ․ - «Վարչապետի առաջարկությամբ ոստիկանապետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ինչպես նախատեսված է օրենքով, նշանակում է նախագահը: Նշանակում է նախագահը այն պատճառով, որ այդ պաշտոնատար անձինք, ըստ էության, զինվորական ծառայողներ են, և դրա հիման վրա նախագահը ունի լիազորություն: Եթե մենք, ըստ էության, վերացնում ենք այս զինվորական լինելու չափանիշը, ապա նախագահը Սահմանադրության առումով չի կարողանում նրանց նշանակումներ կատարի, որովհետև նման իրավասություն չունի»:
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է փոխել գործող կարգը, որով ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի թեկնածուները պարտադիր պետք է իրավապահ համակարգում աշխատանքի տարիների փորձ ունենան, և այդ պաշտոնների հավակնորդների համար սահմանել նույն պայմանները, ինչ պատգամավորի թեկնածուի համար:
Հոկտեմբերի վերջին փոխադարձ պայմանավորվածությամբ ընդդիմադիրներն ու իշխանական պատգամավորները երկրորդ ընթերցմամբ դեմ էին քվեարկել այս օրինագծին, որպեսզի կարողանան վերադառնալ առաջին ընթերցումից հետո առաջարկների ներկայացման փուլ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ պատրաստվում են այս հարցերի վերաբերյալ սահմանադրական փոփոխության նախագիծ բերել խորհրդարան․ - «Նախագիծը միտված կլինի կառավարության կառուցվածք վերադարձնելու, խորհրդարանին ավելի հաշվետու դարձնելու և այս մարմիններում բարեփոխումներ իրականացնելու և մարմինները առողջացնելու համար»:
Ընդդիմադիր խմբակցությունը նաև առաջարկել էր խորհրդարանական խմբակցություններին հնարավորություն տալ Ազգային ժողով հրավիրել կառավարությանն ու վարչապետին ենթակա կառույցների ղեկավարներին՝ ներառյալ ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին՝ հարցուպատասխանի համար։ Այժմ խորհրդարան գալիս ու պատգամավորների հարցերին պատասխանում են միայն կառավարության անդամները:
Մարուքյանի պարզաբանմամբ, այս առաջարկն իրենք արել են, քանի որ իշխող խմբակցությունից առաջարկ է եղել նաև Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների տեղեկալների պաշտոնները քաղաքական դարձնել։
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այս առաջարկն անընդունելի է համարում․ - «Ես ողջունում եմ այն պրակտիկան, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում, երբ պետական մարմինը ընդունում է ցանկացած խմբակցության հրավերը և մասնակցում է քննարկումներին: Բայց այս հարցը դարձնել պարտականություն տվյալ մարմինների համար և նախատեսել դա սահմանադրական մակարդակի օրենքի շրջանակներում, իմ կարծիքով, սխալ է»:
Էդմոն Մարուքյանը համարում է, որ իրենց առաջարկը մերժվեց, քանի որ իշխանությունները չեն ուզում վերահսկելի լինել․ - «Մտավախություն կա, որ խորհրդարանին չտրվի շատ լծակներ: Իմ արձանագրումը սա է․ որ խորհրդարանական երկիր հայտարարվածը բովանդակային իմաստով կյանքի չի կոչվում, շարունակում է մնալ վարչապետական երկիր, որտեղ խորհրդարանը ունի շատ ցածր դերակատարում, և, ըստ էության, գործադիր իշխանությունը շարունակում է մնալ դոմինանտ իշխանություն»: