Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովն անցած շաբաթ նախագահ ընտրեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանին:
Հանձնաժողովի նորընտիր նախագահը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:
Ստորև՝ հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Տիկին Հարությունյան, հիմա Դուք մի հանձնաժողովի նախագահ եք ընտրվել, որը քաղաքականապես ոչ մի կաշկանդվածություն չպետք է ունենա՝ նույնիսկ այն կուսակցության, քաղաքական ուժի առջև, որից առաջադրվել եք, որը Ձեզ առաջադրել է: Հիմա, խնդրեմ, Դուք հնարավորություն ունեք մեր բազմահազար հեռուստադիտողների և ռադիոլսողների առջև հավաստիացումներ տալ Ձեր անաչառության մասին:
Հայկուհի Հարությունյան․ - Շնորհակալություն այդ հնարավորության համար, իսկապես ինձ համար նաև մի քիչ հետաքրքիր զարգացումները, գոնե՝ հրապարակված նյութերով, այսպես տեղի ունեցան․
Ես առաջադրվեցի «Լուսավոր Հայաստան» քաղաքական խմբակցության կողմից, ինձ ասոցացրեցին «Լուսավոր Հայաստան» քաղաքական խմբակցության հետ, այնուհետև նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո փոփոխվեց վերաբերմունքը, և «Իմ քայլը» իշխող քաղաքական խմբակցության հետ սկսեցին ասոցացնել:
Ակնհայտ է, որ ես չեմ կարող ասոցացվել միաժամանակ երկու քաղաքական խմբակցության կամ ուժի հետ, ինչը արդեն վկայում է այն մասին, որ ես քաղաքականապես չեզոք եմ և որևէ ուժի հետ չեմ ասոցացվում: Միակ ուժը, միակ շահը, կամ, էսպես ասած, ընկերը, գործընկերը, որը ես ինձ համար տեսնում եմ, նորից պիտի կրկնեմ՝ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Եվ օգտվելով նաև այդ հնարավոր շահարկումների զարգացումներից, ես նաև քաղաքական խմբակցություններին և կուսակցություններին նաև, էսպես, խնդրանք-հորդորի տեսքով կփորձեմ այս խոսքս փոխանցել, որ նրանք ևս հնարավոր ասոցացումներից, իրենց վերագրվող այս կամ այն գործողություններից հանձնաժողովի անդամներին և կոնկրետ ինձ՝ որպես անձ, հեռու պահեն այն տեսակի ձևակերպումների և որակումների առումով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ ձևավորվի այն պատկերացումը, թե մենք իսկապես որևէ քաղաքական ուժի հետ ասոցացված և այդ քաղաքական ուժի շահի պաշտպանն ենք հանդիսանում:
Իմ և հանձնաժողովի գործունեության և պաշտպանության միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է լինելու:
«Ազատություն»․ - Փաստորեն, ձեր հանձնաժողովը և Դուք անձամբ, կարո՞ղ ենք ասել, որ դառնալու եք կոռուպցիոներների ահ ու սարսափը: Եվ նաև կխնդրեի, կարճ, եթե կարելի է, բնութագրեք հանձնաժողովի լիազորությունների շրջանակը և ասեք, թե ի՞նչ գործիքներ ունեք դրանք իրականացնելու համար, ինչպե՞ս եք կոռուպցիան բացահայտելու:
Հարությունյան․ - Հանձնաժողովի համար առաջին և հիմնական գործառույթը դա պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարագրերի ստուգման միջոցով պետական ինստիտուցիոնալ, որը ներառում է իրավական և այլ բոլոր տեսակի մեխանիզմները, որոնք երբևէ նպաստել են և նպաստում են կոնկրետ պաշտոնատար անձի կողմից իր օգտին, հարազատի օգտին որոշում կայացնելու, դրա արդյունքում որևէ եկամուտ կամ շահույթ ձեռք բերելուն, էսպես, բացահայտել և համարժեք գործողություններ ձեռնարկել:
Այն բոլոր դեպքերում, երբ այդ բացահայտումները կունենան ավելի նվազ ծանրություն և կկրեն ավելի շատ դիտավորության քիչ բաղադրիչ, կունենան տեխնիկական վրիպակների, համադրման արդյունքում՝ զուտ թվային համադրությունների խախտումներ, թերացումներ, կլինի հանձնաժողովի գործունեության ներքո ուղղակի վարույթներ:
Այն բոլոր դեպքերում, երբ դրանք կպարունակեն ենթադրյալ հանցագործության տարրեր, հանձնաժողովը կուղարկի գործը արդեն առաջիկայում ձևավորվող կոմիտե, որը քրեական վարույթի շրջանակներում կիրականացնի գործողություններ:
Բայց հանձնաժողովի գործառույթների մեջ ամենակարևոր մասերից մեկը նաև այն է, որ մենք սկսում ենք ձևավորել այդ կոռուպցիայի դեմ պայքարի կամ հակակոռուպցիոն մշակույթ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում, բոլոր ինստիտուտներում ապահովելով նաև բարեվարքության այն համակարգի ներդրումը, որը այսուհետ այլևս չի վերաճի կոնկրետ շահերի պաշտպանության, կամ կոնկրետ խմբի համար ծառայություններ ապահովող այն մեխանիզմին, որը ծնել է և զարգացրել է կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 1-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․