ԼՀԿ-ն նախաձեռնում է ստեղծել աղբատարների նվիրատվության գործընթացն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Երևան համայնքին մի քանի ընկերությունների և անհատների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Տևական քննադատությունից հետո քաղաքապետարանը երկու օր առաջ հրապարակեց 21 աղբատարների նվիրատուների ցանկը: Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, օրինակ, 14 աղբատար նվիրել է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, 3 հատ՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը կապվում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Այս ցանկը, ըստ «Հետք»-ի, կապված է նախկին և ներկա պաշտոնյաների հարազատների հետ։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Երևան համայնքին կատարած այս նվիրատվության գործընթացում շարունակում է կոռուպցիոն ռիսկեր տեսնել։ Խմբակցությունը նախաձեռնում է այդ կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը։

«Երևան համայնքին կատարված նվիրատվությունների խնդիրը շատ ավելի խորացավ, քան մենք պատկերացնում էինք, որովհետև առաջին հայացքից մեզ թվաց, որ պարզապես նվիրատվություն է եղել, բայց հետո կարողացանք քանդել այս գործընթացների կծիկը։ ԵՎ, բնականաբար, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի սա ավելի համակողմանի, մանրամասն քննարկման առարկա դառնա, որովհետև հասկանում եք, նոր Հայաստանում ենք, հատկապես իշխանությունը անընդհատ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց փաստորեն մենք շատ խոշոր մի հիմնարկում՝ Երևանի քաղաքապետարանում տեսնում ենք, որ կան այդ կոռւպցիոն ռիսկերը և քաղաքապետն իրականացրել է գործարքներ, որտեղ դրանք կարող են առկա լինել: Հանձնաժողովի ստեղծման համար խորհրդարանը ձայների մեկ քառորդ մասը, մենք երկու խմբակցություններով էլ կարծում եմ, արդեն ունենք այդ ձայները: Եթե մեզ կմիանան նաև «Իմ քայլի» պատգամավորներն այս հարցում, մենք շատ ուրախ կլինենք, որովհետև սա նաև իրենց համար է կարևոր, որովհետև սա նաև իրենք պետք է հասկանան, որ այս հարցերի վրա լույս սփռելն անհրաժեշտ է առաջին հերթին իրենց իշխանության համար: Որքան մենք շարունակում ենք նմանատիպ հարցերի նկատմամբ լինել անուշադիր, մանիպուլացնել, այսինքն՝ նման հարցեր բարձրացնողներին անվանել հակահեղափոխական, շարունակել առանց խնդրի մեջ խորանալու ասենք պաշտպանել քաղաքապետին, իսկ ես վստահ եմ, որ պատգամավորների մեծամասնությունը այս օրերին հենց դրանով էլ զբաղված է: Սա դանդաղ գործողության ռումբ է իշխանության համար», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Թե ինչո՞ւ ընդդիմադիրների մոտ առաջացան կասկածներ, Անի Սամսոնյանը մի քանի կետեր է առանձնացնում. նախ՝ քաղաքապետը չէր պահպանել հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը․ «Այն, որ Երևան համայնքին նվիրել են որոշ ֆիզիկական կամ իրավաբանական անձինքն գույք էստեղ որևէ դատապարտելի բան չկա: Խնդիրն ինչո՞ւմն էր որտե՞ղ ենք մենք տեսնում կոռուպցիան, հարցն այն է, որ այդ նվիրաբերված գույքի դիմաց Երևան համայնքը և քաղաքապետի գլխավորությամբ գնացել է ինչ-որ գործարքների: Այսինքն՝ այդ նվիրատուներին տրվել են շինթույլտվություններ և տրվել են արտոնություններ: Սա արդեն ես կարծում եմ, որ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր և սա պետք է բազմակողմանի ուսումնասիրել»:

Երեկ ուշ երեկոյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ իր պնդմամբ՝ տարածվող ապատեղեկատվությանը։ Ներկայացրեց փաստաթղթեր, պնդեց, որ շինթույլտվություններն ավելի վաղ են տրվել, դրանք չեն կապվում նվիրատվությունների հետ և որ նվիրատվություններ անողները որևէ արտոնություն չեն ստանում։

«Ես նաև ասել էի, որ չեմ հիշում այդ ընկերությունների անվանումները, ոմանց դա զարմանալի թվաց, ասեմ ավելին, այդ ընկերությունների հետ որևէ առնչություն չունեմ, երբևիցե իրենց հետ չեմ հանդիպել և ես չեմ կարող հիշել նրանց անունները, որովհետև դա հազարավոր ընկերություններ են, որոնք գործարքներ ունեն, տարբեր շինթույլտվություններ և այլն քաղաքապետարանի հետ մասնավորապես այս ընկերությունները, որոնք ինչ-որ նվիրատվություն են արել, բացարձակ ոչ մի արտոնություն կամ ինչ-որ առավելություն չեն ստանում, ուստի ես ընդհանրապես կարիք չունեմ հիշելու իրենց անունները և վերաբերմունքը դեպի իրենց որպես շարքային ընկերություն է», - նշեց Մարությանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը կարծում է՝ այն տեղեկատվությունը, որը հասանելի է մինչ այս պահը, թույլ չի տալիս կասկածներ ունենալ, որ միանշանակ կոռուպցիա է եղել:

«Միշտ կարելի է կասկածել, որ այս կամ այն նվերը, որ ընդունվում է քաղաքապետարանի կողմից և ոչ թե քաղաքապետի կողմից անձամբ, միշտ կարելի է կասկածել, որ դա կարող է ծառայել ինչ-որ նպատակի կամ դրա արդյունքում ստեղծվեն արտոնություններ մասնավորի համար, բայց որովհետև այդ ինֆորմացիան որևէ կերպ հասանելի չէ, մենք ոչ մի հիմք չունենք ենթադրել, որ այդ նվիրատվությունը, այդ նվերը, որ տրվել է, դա արվել է որևէ ծառայության կամ խոստումի դիմաց։ Մենք էդ առումով խնդիր չենք տեսնում, որ էնտեղ եղել է կոռուպցիա կամ էնտեղ եղել է միանշանակ շահերի բախում գոնե էն տեղեկատվության հիմա վրա, որը որ հնչել է մինչ օրս», - ասաց Այվազյանը:

Միևնույն ժամանակ Սոնա Այվազյանը նկատում է՝ այստեղ կա թափանցիկության խնդիր. ճիշտ կլիներ, որպեսզի քաղաքապետարանը բոլոր պայմանագրերը, տեղեկատվությունը նախքան այսպիսի աղմուկ բարձրացնելը հրապարակային և հասանելի դարձներ։