Իրավապահներն ապացույցներ են ձեռք բերել և պարզել, որ Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացած 6 մանկապարտեզների շենքերի օտարման գործընթացում պաշտոնատար անձինք առերևույթ չարաշահումներ են թույլ տվել և էական վնաս պատճառել համայնքին։ Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ 2003-2005 թվականներին Ալավերդի համայնքի ղեկավարի ու ավագանու ապօրինի որոշումներով վաճառվել են 6 մանկապարտեզների շենք-շինություններ։
Այդ մասին տեղեկություններն ու փաստաթղթերը դատախազությանն էր ներկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում սուր քննադատել էր Ալավերդու նախկին իշխանություններին՝ նշելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի մեղավորները պատասխան տան իրենց ապօրինի գործողությունների համար։
«Համայնքը պետք է շահագրգռված լինի, որ իր գույքը վաճառի շուկայական գնով կամ մի փոքր բարձր գնով, բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ շատ ծիծաղելի գներով օտարվել են համայնքին պատկանող գույքը: Սա չ կարող անհետևանք մնալ բոլոր այն պաշտոնյաները, որոնք եղել են քաղաքապետարանում կամ այլ վայրերում և նպաստել են այս գործընթացին, պետք է պատասխան տան օրենքի առաջ, դա միանշանակ», - ասաց Ղուկասյանը:
Դատախազության հաղորդագրության մեջ նշված է, որ Ալավերդու պաշտոնատար անձինք «համայնքի սեփականություն հանդիսացող 6 մանկապարտեզների, ինչպես նաև 280 տեղանոց՝ որպես մանկապարտեզ կառուցված անավարտ շենքերը, իրենց մերձավորներին կամ մտերիմներին օտարելու խմբային շահերից ելնելով, հիմք ընդունելով անշարժ գույքի գնահատումն իրականացնելու վերաբերյալ միևնույն անհատ ձեռնարկատիրոջ կողմից շինության իրական արժեքների վերաբերյալ կազմված կեղծ եզրակացությունները, 2003-2005 թվականներին օրենսդրության պահանջների խախտմամբ օտարել են հիշատակված անշարժ գույքը»:
«Նույնիսկ 2005 թվականի գներով սա շատ ծիծաղելի գներ են և համայնքային գույքը նման ծիծաղելի գներով օտարելը համայնքին հասցված մեծ վնաս է», - նշեց Լոռու մարզպետը:
Ալավերդու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի նախկին պետ Սամվել Աբելյանն այդ տարիներին 730 քառակուսի մետր մակերես ունեցող երկհարկանի շենքը ձեռք էր բերել ամենաէժան գնով՝ մեկ քառակուսի մետրը մոտ 1000 դրամով։ «Ազատության» հրապարակումից հետո նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որտեղ մեղադրում էր Լոռու մարզպետին և «Ազատություն ռադիոկայան»-ին «կեղծ ու անհիմն տեղեկություններ տարածելու» համար։
Նախկին պաշտոնյան, որ նաև աճուրդային հանձնաժողովի նախագահն է եղել, շեշտել էր, որ կատարված գործարքները նախկինում «բազմիցս ստուգվել են վերահսկող տարբեր մարմինների, նույնիսկ դատախազության կողմից, և ոչ մի թերություն կամ խախտում չի հայտնաբերվել»։
Ալավերդիում տասնամյակներ շարունակ համայնքային սեփականություն հանդիսացած գույքի բոլոր վաճառքները կազմակերպած նախկին պաշտոնյան իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ հարց էր ուղղել Լոռու մարզպետին, ով հայտնաբերել և բարձրաձայնել էր կատարված ապօրինությունները:
«Ո՞վ է թույլատրել Ձեզ, որպես պաշտոնատար անձ, առանց հիմնավորումների, մեղադրանքներ նետել և ցեխ շպրտել Ալավերդի համայնքի տարբեր ժամանակների ժողովրդի կողմից ընտրված ավագանիների, համայնքի ղեկավարների և քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաների վրա՝ համարելով նրանց արածը հանցագործություն և չարաշահում», - գրել էր Սամվել Աբելյանը։
Մինչդեռ իրավապահներն ապացույցներ են ձեռքբերել, որ այդ շենքերը վաճառվել են իրականում մի քանի անգամ էժան գներով։ Ապօրինի գործարքի արդյունքում մանկապարտեզի շենքերի սեփականատերեր դարձածները կարճ ժամանակ անց դրանց մի մասը ձեռք բերված արժեքից մի քանի անգամ թանկ վերավաճառել են, իսկ օտարված մյուս անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է այլ անձանց սեփականության իրավունքը: Այս ամենի արդյունքում Ալավերդի համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս, նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
«Ազատության» հրապարակմանը զայրույթով էր արձագանքել նաև Ալավերդու ներկայիս քաղաքապետ Սասուն Խեչումյանը, որը մանկապարտեզները օտարելու տարիներին քաղաքապետարանի իրավաբանն էր, միաժամանակ՝ աճուրդային հանձնաժողովի անդամ, որոշ գործարքներում՝ նաև նախագահ։ Նրա մայրը ևս այդ տարիներին ձեռք է բերել 280 տեղանոց մանկապարտեզի անավարտ շենք։ Ավելի քան 3000 քառակուսի մետր տարածքով եռահարկ շինությունը գնել էր ընդամենը մեկուկես միլիոն դրամով։
Քաղաքապետ Սասուն Խեչումյանի ընտանիքն այսօր էլ բնակվում է այդ շենքում։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտել էր, որ անշարժ գույքի անօրինական վաճառքի դեպքեր կան մարզի բոլոր համայնքներում, և պատահական չէր համարել, որ ներկայիս համայնքապետերը չեն նախաձեռնում ապօրինի օտարված գույքը հետ վերադարձնելու գործողություններ։
«Այժմյան գործող համայնքապետերը իրենք պետք է դիմեն իրավապահ մարմիններին, դա իրենց աշխատանքն է, որովհետև իրենք են կոչված համայնքի շահերը պաշտպանելու ի պաշտոնե: Բայց ինչպես տեսնում եք՝ պասիվություն կա իրենց կողմից և իրենք իրենց դեմ բնականաբար չեն կարող գործել կամ էն համակարգի դեմ, որը որ բերել է իրենց քաղաքապետ դարձրել», - ընդգծեց Ղուկասյանը:
Իրավապահները երեկ տարածած հաղորդագրության մեջ նաև արձանագրել են, որ մանկապարտեզների օտարման արդյունքում հետագայում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության արդյունավետությունը: Այդ կերպ նույնպես էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Ոստիկանության Թումանյանի բաժնում քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը կատարում է Լոռու մարզային քննչական վարչությունը: