Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի․․․» բանաստեղծությունը՝ աշխարհի 35 լեզուներով

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, արխիվ

Անցնող շաբաթն իրականում կարելի է չարենցյան կոչել: Նախ՝ Չարենցի տուն-թանգարանում բացվեց Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը, որի ընթացքում անվանի գեղանկարիչն իր իսկ կերտած Չարենցի յուղաներկ դիմապատկերը նվիրեց թանգարանին: Թանգարանը նոյեմբերի 27-ին՝ Չարենցի մահվան օրը միջոցառումներով հանդես եկավ, հաջորդ օրն էլ թանգարանում մեկնարկեց «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովը, դե իսկ այսօր էլ Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ մի չափազանց ուշագրավ գրքի շնորհանդես:

Չարենցի հանճարեղ «Ես իմ անուշ Հայաստանի․․․» բանաստեղծությունը թանգարանի աշխատակից, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենց-Ջերահյանի նախաձեռնությամբ հրատարակվել է առանձին մի հրաշալի գրքով՝ աշխարհի 35 լեզուներով: Չարենցի թոռնուհին իր իսկ կազմած և իր իսկ հրատարակած այս գրքի մասին խոսելիս նախ շեշտեց, որ այս գրքի առաջին իսկ շնորհանդեսն արդեն իսկ կայացել է հանրահայտ «Ավրորա» մրցանակաբախշության շրջանակներում:

«Ինչպես գիտեք նրանք 3-4 օր բազմաթիվ միջոցառումներ էին անում և հենց իրենք առաջարկեցին, որ տեղի ունենա այս գրքի շնորհանդեսը: Իրենք դրսից ունեին շատ հյուրեր և ուզում էին նրանց ներկայացնել մեր լավագույն բանաստեղծությունը, հանճարեղ Չարենցին և որոշեցին, որ սա հենց ճիշտ առիթն է դրա համար: Շատ արագ տարածվեց այս գիրքը, որովհետև բազմաթիվ հյուրեր կային աշխարհի բոլոր կողմերից և բոլորը, իհարկե, գնեցին, շատերն նվեր տվեցինք: Գնում էին ոչ միայն իրենց համար, այլ ուղղակի 10 հատով, 20 հատով, որպեսզի տանեն և Նոր տարվա շրջանում, իհարկե, իրենց հյուրերին նվիրեն», - ասաց Գոհար Չարենց-Ջերահյանը:

Չարենցի թոռնուհին նշեց, որ բանաստեղծությունը տարբեր լեզուներով թարգմանելու գաղափարն առաջացել է չորս տարի առաջ․ «Երբ թանգարան մտավ մի հնդիկ ձեռքին երկու թարգմանություն՝ հնդկերեն և բենգալերեն, ճիշտն ասած չէի լսել բենգալերեն լեզվի մասին, բայց նա ասաց, որ դա Հնդկաստանում տարածված լեզուներից է: Երբ հարցրել էր իր հայ ընկերներին, թե որն է հայերի համար ամենատարածված, սիրված բանաստեղծությունը նրան ասել էին՝ «Ես իմ անուշը» և նա դա թարգմանել էր: Սկսեցի դիմել տարբեր թարգմանիչների, ստանում էի բազմաթիվ թարգմանություններ աշխարհի տարբեր լեզուներով և ոչ միայն հայերից: Շատ դժվար էր աշխատանքը, որովհետև պետք էր մասնագետի հետ խորհրդակցել, որ բազմաթիվ տարբերակներից ընտրվեր լավագույնը: Պակաս կարևոր չէր նրա գրքի ձևավորումը․ որոշեցինք Չարենցի հանճար բանաստեղծության կողքին դնել Սարյանի հանճարեղ նկարները, որովհետև այդ կտավների մեջ ես տեսա և՛ նաիրյան աղջիկներին, և՛ Չարենցի արևն ամռան»: