Ըստ Թորոսյանի, առաջարկվող համապարփակ ապահովագրությունը սոցիալական պաշտպանություն է բոլորի համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երրորդ օրն է, ինչ հիմնավորում է իր ղեկավարած գերատեսչության առաջարկը՝ աշխատավարձի մինչև 6 տոկոսի չափով առողջապահական հարկ սահմանելու միջոցով ներդնել պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգ՝ Հայաստանի ողջ բնակչության համար։

Նախարար Թորոսյանը նախ առաջարկում է փոխհամաձայնություն գլխավոր հարցի շուրջ․ «Մենք ուզո՞ւմ ենք արդյոք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները կամ նույնիսկ ոչ քաղաքացիները, ովքեր որ բնակվում և հարկեր են վճարում Հայաստանում, ունենան առողջապահական ծածկույթ»:

Ըստ Թորոսյանի, եթե ուզում ենք, որ առողջական խնդիր ունեցողը հիվանդանոց ընկնելուց հետո աղետի չենթարկվի ու չաղքատանա, պարտադիր ապահովագրությունը միակ լուծումն է։ Հանրային քննարկման դրված հայեցակարգն ասաց՝ քննարկման համար է, պարտադիր չէ, որ հարկի տոկոսը հենց վեց լինի, համակարգն էլ ներդրվի միանգամից:

«Այնտեղ նաև գրված է, որ եթե պետական բյուջեից հատկացումները մեր առողջապահական բյուջեին աճեն 10 տոկոսով, ապա այդ տոկոսը կնվազի կես տոկոսով, 20 տոկոսով աճելու դեպքում կնվազի մեկ տոկոսով և հետևաբար էնքան աճելու դեպքում, որ էդ տոկոսի կարիքը չենք զգա, տոկոսը կարա լինի զրո տոկոս», - ասաց Թորոսյանը:

Նախարարը շեշտում է՝ կամավոր ապահովագրության համակարգը ամենաշատը 100 հազար քաղաքացու հարց է լուծում, առաջարկվող համապարփակ ապահովագրությունը սոցիալական պաշտպանություն է բոլորի համար։ Արսեն Թորոսյանը տեղին չի համարում զուգահեռը պարտադիր կուտակային կենսաթոշակի ու դրան նախորդած բողոքի ալիքի հետ: Նախ, ասում է՝ կենսաթոշակայինը «հետաձգված, հեռավոր բարիք» է, իսկ առողջապահական ապահովագրությունը գործում է ներդրման հաջորդ օրվանից, կզարմանա, եթե հիմա բողոքներ լինեն:

«Եթե մենք ուզում ենք այնպիսի համակարգ, որը կծածկի բոլորին և բոլորը կլինեն պաշտպանված, մենք գնում ենք էդ համակարգին», - նշեց նախարարը:

Առողջապահության նախարարն այսօր խորհրդարանական հանձնաժողովի նիստի էր եկել մի քանի նախագծերի քննարկումներին մասնակցելու համար։ Դրանցից մեկը՝ «Դեղերի մասին օրենքի» փոփոխության իրենց առաջարկը, ըստ պատգամավորների մի մասի, խոցելի է:

«Տեսնում են ռիսկեր, տեսնում եմ ուղիղ կոռուպցիոն ռիսկեր», - ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը:

Պողոսյանը հայտարարեց՝ դեղերի նախագծին դեմ է քվեարկելու։ Դրանով առաջարկվում է պետության կողմից քաղաքացիներին տրամադրվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնել ըստ անհրաժեշտության։

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի պարզաբանմամբ՝ խոսքն ամենաշատը 40 անուն դեղի մասին է, երբ, օրինակ, պատվաստանյութերի վերաբերյալ չճշտված լուրեր են տարածվում՝ իրենք կարողանան ներկայացնել պետության ձեռք բերած դեղորայքը։ «Արդյո՞ք սա գովազդ չէ», - վերապահում ունեին պատգամավորները, նրանց թվում նաև իշխանական «Իմ քայլից»:

«Ես դեմ եմ քվեարկելու, որովհետև ես ուղիղ կես ժամ ասում եմ այդտեղ ռիսկ կա, բոլոր փոխնախարարների համար կարո՞ղ եք երաշխավորություն ներկայացնել, որ նրանք ներգրավված չեն լինի որևէ կոռուպցիոն ռիսկի մեջ: Իսկ ես ձեզ ասեմ, որ մի քանի օր առաջ Ձեր փոխնախարարը կոռուպցիոն ռիսկի մեջ արդեն մեղադրվել է», - նշեց Պողոսյանը:

«Տեղյակ ենք, տիկին Պողոսյան: Ես և իմ փոխնախարարները մեղադրվում ենք կոռուպցիան առաջ տանելու մեջ», - արձագանքեց Արսեն Թորոսյանը:

«Եթե իշխող խմբակցության պատգամավորը, որը մեր հենարանը պետք է լինի կառավարության, Ազգային ժողովում ու պաշտպանի մեր նախագծերը, հասկանա մեր հիմնավորումները, նման կերպ է վերաբերվում մեր նախագծին, ապա ես այդ մասով առաջարկում եմ այդ հոդվածը հանել օրենքից», - ասաց առողջապահության նախարարը:

«Սա լուրջ քաղաքական հետևանք է ունենալու», - սպառնաց նախարարը։

«Իմ քայլից» Նարեկ Զեյնալյանը, Արփինե Դավոյանը փորձեցին մեղմել իրավիճակը, թե որևէ մեկը կոռուպցիայի մեջ չի մեղադրվում, նախագծում են կոռուպցիոն ռիսկ տեսնում:

«Ինչ վերաբերում է ձեր հենարանը լինելուն, ձեր հենարանը լինելու համար մենք որևէ խնդիր չենք տեսնում», - ասաց Դավոյանը:

Մթնոլորտը կարող էր խաղաղվել, եթե «Իմ քայլից» Լուսինե Բադալյանը բոլորովին հակառակ կարծիքին չլիներ․ «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, էդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք, այո, մերժում ենք կլասիկ քաղաքականություններ, որովհետև կառավարությունը ժողովրդի ներկայացուցիչն է և ոչ թե իշխանության»:

Նախագծից դեղերի իրազեկման վերաբերյալ լրացումը Արսեն Թորոսյանի առաջարկով հանվեց, և նախագիծը ընդունվեց առանց դրա։ Նախարար Թորոսյանը սա պարտություն չի համարում, ասաց՝ մյուս հոդվածը, որ ժամկետային սահմանափակում ունի, չպետք է տապալվեր սրա պատճառով, կանխել է հնարավոր ապոկալիպսիսը:

«Եթե այսպես գնաց, կարող է նաև տարբերվի, իսկ այդ դեպքում դեղերի շուկայում ապոկալիպսիս կլինի իրական, որի պատասխանատվությունը կարծես թե մենակ ես եմ կրում՝ էդ ապոկալիպսիսը կանխելու», - ասաց Թորոսյանը: