Եղիշե Չարենցի տուն-թանգարանում «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրի ներքո տեղի ունեցած գիտաժողովի ամփոփմանը թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը շեշտեց․ - «Գիտաժողովներ անցկացնելու որոշումը ոչ թե նրա համար էր, որ ես ուզում եմ փաստել, որ մենք էլ կարող ենք ինչ-որ բան անել, այլ նրա համար է, որ, շնորհակալություն հայտնելով անցյալի մեր բոլոր չարենցագետներին իրենց ունեցած վաստակի համար, այսօր նոր սերունդ է գալիս, որոնք մեծավ մասամբ երիտասարդներ են, որոնք այսօրվա ժամանակների հետ համահունչ «Չարենց և իր ժամանակաշրջանը» վերծանում են, և դա շատ հետաքրքիր է: Սա, իհարկե, վերջին խոսքը չէ, որովհետև հիսուն տարի հետո էլի կգա մի սերունդ: Չարենցի մեծությունը հասկանալով՝ գիտենք, որ նորից կվերծանի այս ամեն ինչը՝ արդեն իր ժամանակների համար: Չարենցն անվերջանալի է, ուրեմն մեր գիտաժողովները նույնպես անվերջանալի են»:
Նույքան անվերջանալի են և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրատանը՝ Մատենադարանում տեղի ունեցող գիտաժողովները, այդ թվում և միջազգային: Այսօր այնտեղ մեկնարկեց Երիտասարդական գիտաժողովը, որն արդեն 5-րդ անգամ կազմակերպում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպությունը: Գիտաժողովն այս տարի նվիրված է Մատենադարանի հիմնադրման 60-ամյա հոբելյանին:
Նոյեմբերի 28-30-ին անցկացվող գիտաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրի տարբեր գիտակրթական հաստատություններ ներկայացնող երիտասարդ գիտնականների կողմից կներկայացվի 30 բանախոսություն՝ նվիրված նվիրված հայ միջնադարագիտության ամենատարբեր ոլորտներին:
Ուշագրավ է, որ ոչ միայն հայ միջնադարագիտությունն է հրապուրում արտերկրի երիտասարդ գիտնականներին, այլև հայկական պոեզիան՝ մասնավորապես Չարենցի պոեզիան, որին նվիրված հայերեն զեկուցմամբ այսօր Չարենցի տուն-թանգարանում կայացած գիտաժողովին հանդես եկավ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ասպիրանտ, ծագումով չինուհի Հինգյու Շին: Նա, ի դեպ, Չարենցից 12 բանաստեղծություն է թարգմանել չինարեն:
Այս տարի լրանում է հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադրման 225-ամակը: Այդ կապակցությամբ այսօր Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց երկօրյա գիտաժողով: Գաղտնիք չէ, որ «Ազդարարը» խթան հանդիսացավ հայ պարբերական մամուլի հետագա զարգացման համար, իսկ Հայաստանի ազգային գրադարանն այսօր ամբողջ աշխարհում հայ պարբերական մամուլի ամենամեծ պահոցն է: Երկօրյա գիտաժողովն ավելի քան 40 մասնակից ունի:
Գիտաժողովին զուգընթաց Ազգային գրադարանը ներկայացրել է նաև հայ հնագույն և հնատիպ գրքերի, նաև պարբերական մամուլի նոր ցուցադրություն:
Իսկ վաղը Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Կոմիտաս-150» գիտական նստաշրջանի բացումը: Կոմիտասի կյանքին և գործունեությանը նվիրված երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան անվանի երաժշտագետներ, գրականագետներ, արվեստաբաններ, ճարտարապետներ:
Գիտաժողովը կեզրափակվի դեկտեմբերի 1-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք հոբելյանական համերգով, որին կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: