Մոսկվան ողջունել է, Ուկրաինան՝ կոշտ քննադատել ամերիկյան Apple ընկերությանը, որի քարտեզի և եղանակի տեսության հավելվածներում Ղրիմը ներառվել է Ռուսաստանի կազմում:
Այդ փոփոխությունը հասանելի է միայն Ռուսաստանի տարածքում, երկրի սահմաններից դուրս արդեն Apple-ի օգտատերերը թերակղզին տեսնում են որպես չեզոք գոտի՝ առանց սահմանային հստակ նշագծումների:
«@Apple, շատ ենք խնդրում, զբաղվեք բարձր տեխնոլոգիաներով, գլոբալ քաղաքականությունը ձեր բանը չէ», - Թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն:
Ռուսաստանի Պետդուման երեկ հաղորդել էր, որ խորհրդարանի անվտանգության և հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովի նախագահը երեկ հանդիպել է ամերիկյան ընկերության ներկայացուցիչներին՝ առանց հավելյալ մանրամասներ փոխանցելու:
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը 2014-ին մի շարք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ղրիմը բռնակցելու համար: