Ադրբեջանի խորհրդարանը լուծարվելու է

Ադրբեջանի խորհրդարանի նիստ, արխիվ

Ադրբեջանի իշխող քաղաքական ուժի` «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդը այսօր Բաքվում կայացած դռնփակ նիստի ընթացքում որոշեց հանդես գալ երկրի խորհրդարանը` Միլի մեջլիսը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ:

Մոտ երկու ժամ շարունակված քննարկումների ավարտին լրագրողների համար պարզաբանումներով հանդես եկավ իշխող կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

«Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդը Միլի մեջլիսում գործող խմբակցության անդամներին այսօր առաջարկել է հանդես գալ խորհրդարանը լուծարելու նախաձեռնությամբ: Համապատասխան բովանդակությամբ դիմումը կուղարկվի Ադրբեջանի նախագահին: Մենք այս քայլին ենք դիմում նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացվող բարեփոխումներին ու կադրային փոփոխություններին աջակցելու նպատակով», - լրագրողների հետ զրույցում նշում էր Ահմեդովը` իր կուսակիցների որոշումը «պատմական քայլ» բնութագրելով:

Ադրբեջանի քաղաքագիտական շրջանակներում այժմ փորձում են հասկանալ, թե որոնք էին խորհրդարանը լուծարելու իրական, խորքային պատճառները:

Ադրբեջանցի քաղաքագետ, նախկին քաղբանտարկյալ, այժմ Նիդերլանդներում բնակվող Արիֆ Յունուսովի համոզմամբ՝ խորհրդարանի լուծարումը վկայում է իշխանության ներսում ընթացող լուրջ վերադասավորումների մասին:

«Մեհրիբան Ալիևայի իշխանության գալու գործընթացի մեկնարկը տրված է», - Ֆեյսբուքում գրել է Յունուսովը:

Իսկ «Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիևի գնահատմամբ՝ 2015-ի նոյեմբերին ընտրված խորհրդարանի լուծարումը վկայում է Մեհրիբան Ալիևայի ձեռքում վարչական լծակների նոր չափաբաժնի կուտակման մասին:

«Այժմ ընթացքի մեջ են կառավարության լիակատար կառուցվածքային փոփոխությունները, և այսօր կայացված որոշումը այդ գործընթացի բաղկացուցիչ մասն է», - նշում է «Թուրան»-ի խմբագիրը:

Ադրբեջանի իշխող կուսակցության` խորհրդարանը լուծարելու նախաձեռնությունը ի հայտ եկավ առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մոսկովյան այցից հաշվված օրեր անց: Ալիևային Մոսկվայում դիմավորեցին նախագահական արարողակարգով` ընդհուպ մինչև առանձին բանակցություններ Ռուսաստանի նախագահի հետ և պետական պարգևի շնորհում:

Իշխող կուսակցության այսօրվա անսպասելի նախաձեռնությանը նախորդեց նաև Իլհամ Ալիևի նոյեմբերի 26-ի ելույթը Բաքվի պետական համալսարանում, որտեղ նա կտրականապես մերժեց Ադրբեջանի եվրաինտեգրման հեռանկարները և կոշտ քննադատության ենթարկեց ընդդիմությանը:

«Ժողճակատ»-«Մուսավաթ» զույգը թունավոր մոլախոտի պես մի տարի շարունակ իշխանության ղեկին էր: Նրանք այն աստիճան էին թունավորել մթնոլորտը, որ այդ թույնի ազդեցությունը մինչ օրս որոշ տեղերում զգացվում է: Բայց ժողովուրդն ասաց․ - «Հերիք է, մենք տեսել ենք, թե ինչպես էիք դուք հանուն իշխանության թալանում, ծեծում, սպանում, ռմբակոծում Գյանջան և ծախում Ղարաբաղը, Շուշին, Լաչինը», - հայտարարում էր Իլհամ Ալիևը:

Խորհրդարանի լուծարման մասին պաշտոնական դիմումը «Ենի Ազերբայջան»-ի պատգամավորները, ամենայն հավանականությամբ, կընդունեն արդեն վաղը` Միլի մեջլիսի հերթական լիագումար նիստի ընթացքում: Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի լուծարման դեպքում արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ քան 60 օրվա ընթացքում: Այսպիսով, վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները Ադրբեջանում, ըստ ամենայնի, տեղի կունենան հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: