Վարսավիրի հայրը հաստատում է՝ միջադեպ եղել է, Արարատի մարզպետը հերքում է

Վարսավիր Սերոբ Բարֆյանի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը զրուցում է «Ազատության» հետ, Տափերական, 26-ը նոյեմբերի, 2019թ․

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը: Ինքը մարզպետը հերքում է, թե նման միջադեպ է տեղի ունեցել:

«Մարզպետն է ուզեցել գնալ, ասենք, մազերը կտրի, թե ինչ-որ մի թեթև թեթևացնի: Սերոբի մոտ էդ րոպեին, էդ ժամին կին է նստած եղել, ինքը կնոջ վարսավիր էլ է, և էդ րոպեին պատասխանել է, որ «մոտս հաճախորդ կա, չեմ կարող ձեզ ընդունել»: Չգիտեմ ուրիշ ինչ է ասել, բան, ու դրանից հետո ինչ-որ տղաներ են եկել, Սերոբին քաշքշել են, թե ինչ, տենց բան է ինչ-որ տեղի ունեցել», - պատմեց վարսավիրի հայրը:

«Հենց ամենասկզբից դա սուտ է, զրպարտություն, քանի որ ես առհասարակ այդ օրը իր մոտ՝ վարսահարդարման սրահ չեմ գնացել», - իր հերթին, պնդեց մարզպետը:

Տեղի ունեցածը քաշքշուկ որակող Բարֆյաններն այնքան էլ հակված չէին այս թեմայից խոսել՝ հատկապես «Ազատության» այն հարցից հետո, թե արդյոք իրավապահները հետաքրքվել են միջադեպով:

Իսկ միջադեպի մասին վարսավիրի հայրենի Տափերական գյուղում շատերն էին տեղյակ, համենայն դեպս, արձագանքներն էին այդպիսին, երբ փորձում էինք գտնել վարսավիր Սերոբի տունը, բայց տեսախցիկների առաջ խոսել չցանկացան։

«Երևի թե ասել են, որ «ինչո՞ւ ես տենց բան արել, չէ՞ որ կարելի էր զիջել», բան, էս կողմ, էն կողմ, ասել է՝ «ես չեմ կարող կնոջը աթոռի վրայից վեր կացնեմ, բերեմ ասեմ «եկեք նստեք»: Տենց ինչ-որ մի բան, ես էդքան ստույգ տեղեկություններ չունեմ, ու ինչ-որ քաշքշոց է տեղի ունեցել, քաշքշոց ասելով՝ ներս են մտել երևի հարցրել են, թե «ինչի՞ չես արել», բան, տենց, ոչ թե քաշքշոց, այլ երևի գոռգոռալով խոսել են, տենց մի բան, ու թողել գնացել են», - ասաց Ռազմիկ Բարֆյանը:

Մարզպետի չստացված սանրվածքը հարևան Նոր Կյանք գյուղում վարսավիր աշխատող Սերոբ Բարֆյանի փոքրիկ բիզնեսի տեղափոխման պատճառ է դարձել: «Էդ առիթով, ես էլ, ինքն էլ որոշեցինք, որ ինքը Նոր Կյանքում աշխատել շարունակել միտք չունի», - ասաց Սերոբի հայրը:

Նոր Կյանքի բնակիչ, նախկին համայնքապետ, իսկ հիմա՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մազերը հենց այդ գյուղում պարբերաբար հարդարած Սերոբ Բարֆյանը մոտ մեկ շաբաթ է աշխատում է հայրենի Տափերականում:

«Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը» հարցին վարսավիրի հայրը պատասխանում է շատ կարճ․ - «Չեմ կարող գնահատել»:

Վարսավիրի հետ զրուցել «Ազատությանը» չհաջողվեց: Իսկ ահա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով երեկ ուշ երեկոյան մասնակցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին, «Ազատությանն» ասաց՝ պատրաստ է պարզաբանումներ ներկայացնել իրավապահներին, քանի որ միջադեպի մասին պնդումներն ապատեղեկատվություն են:

«Ում մասին որ ասում է, իրենք բարեկամներ են, ազգակցական կապ ունեն, թե իրենց մեջ ինչ խնդիր է եղել․․․ Ես դիմել եմ ոստիկանություն, նախ, իմ հերքման տեքստի մեջ ես ուշադրությունն եմ հրավիրել իրավապահ մարմինների, որ էս գործը հանգամանալից քննեն», - ասաց մարզպետը: «Ազատության» հարցին՝ «Ձեր վարորդը գնացել է, եղել է միջադեպ, որը կապ չունի՞ այդ դեպքի հետ», Սարգսյանն արձագանքեց․ - «Ես վարորդ չունեմ, սկսենք էդտեղից: Բերեք հիմա չասենք՝ ով է գնացել, ինչ է արել, թող քննություն լինի, պարզվի»:

«Կարծես հասունացել է Ձեր հրաժարականի պահը», - այս դիտարկմանն էլ Արարատի մարզպետը հակադարձեց․ - «Իմ հրաժարականի պահը այս տարիուկես հասունացնում են ինչ-որ կենտրոններից, բայց, կներեք, դա, իրենք ամեն օր արթնանում են և հիասթափվում են, որ այսօր էլ Գարիկ Սարգսյանին պաշտոնից չազատեցին, կամ հրաժարական չտվեց: Երազախաբ են լինում՝ այսքանը»: