Ուժգին երկրաշարժից 20 ժամ անց Ալբանիայում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հաղորդվում է առնվազն 23 զոհի և ավելի քան 650 վիրավորների մասին։
Տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։
Կոսովոն, Չեռնոգորիան, Իտալիան, Ռումինիան և Հունաստանը փրկարարական խմբեր են ուղարկել Ալբանիա։
Աղետի հետևանքով անօթևան մնացածների համար վրաններ են տեղադրվել, Կոսովոյի մոտ 300 ընտանիքներ տուժածներին իրենց տներում կացարան են առաջարկել։
ԱՄՆ-ը ևս առաջարկել է օգնություն ուղարկել Ալբանիա:
Ալբանական երեք կազմակերպություններ մեկ օրվա ընթացքում հանգանակել են ավելի քան 1,5 միլիոն դոլար՝ տուժածներին օգնելու համար:
Երեկ հաղորդվել էր երկրաշարժի հետևանքով 6 զոհվածների և 150 վիրավորների մասին: