Քոչարյանի պաշտպանական կողմը բացարկ հայտնեց դատախազ Կարեն Բիշարյանին

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների այսօրվա դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանական կողմը բացարկ հայտնեց այս գործում ներգրավված մյուս դատախազ Կարեն Բիշարյանին:

Մասնավորապես փաստաբանները նշեցին, որ Բիշարյանը նախաքննության ընթացքում, երբ հանդիսանում էր վերահսկողություն իրականացնող դատախազ դեռ 2018 թվականի փետրվարի 23-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա և ինչ փոխվեց դրանից չորս ամիս անց, երբ առաջինը մեղադրյալ ներգրավվեց նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

Նրանցից հետո ելույթ ունեցավ այս գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, որը ևս նման պնդում արեց: Պողոսյանին փորձեց առարկել դատախազ Պետրոս Պետրոսյանը, ինչից հետո կողմերի միջև վեճ ծագեց:

Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ իր հայտարարությունից հետո իսկապես որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել այս քրեական գործում, և դրանից հետո է նման մեղադրանք առաջադրվել Քոչարյանին և մյուսներին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Նախկին նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է: