Նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այսօր նախագահ ընտրեց հանձնաժողովում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանին:
Հանձնաժողովը ձևավորվել է անցած շաբաթ ԱԺ-ում, հինգ անդամներից 2-ը ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են, մեկը՝ իշխող «Իմ քայլի», իսկ մյուս երկուսը իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում: Նախագահի պաշտոնի համար ինքնառաջադրվեցին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» քվոտայով ընտրված Հայկուհի Հարությունյանը և իշխող «Իմ քայլի» քվոտայով ընտրված Էդգար Շաթիրյանը։ Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, նրան կողմ քվեարկեցին ԲՀԿ-ի, կառավարության և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) քվոտայով ընտրված անդամները:
Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Էդգար Շաթիրյանը չի հերքում՝ ինքը ևս լսել էր կարծիքներ, որ նախագահի հավանական թեկնածուն ինքն է: Ասում է՝ քվեարկության արդյունքները գալիս են ապացուցելու, որ իրենց աղբյուրներին հղում անող լրատվամիջոցները սխալվել են, կանխատեսելով, թե նախագահի պաշտոնում պարտադիր իշխանության որևէ թևի կողմից առաջադրված թեկնածուն պետք է ընտրվեր:
«Ես չգիտեմ ինչ շրջանակներ էին դրանք դրել շրջանառության մեջ և ում կամ ինչ խմբի շահեր էին ցանկանում, տրամադրություններ էին ցանկանում շոշափել, ես սրտանց շնորհավորում եմ իմ գործընկերոջը, վստահեցնում եմ, որևէ նստվածք չկա», - ասաց Շաթիրյանը:
Կառավարության և ԲԴԽ կողմից առաջադրված թեկնածուներից հետաքրքրվեցինք՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրած թեկնածուին հանձնաժողովի նախագահ ընտրելու որոշումը համաձայնեցրե՞լ են իրենց առաջադրած մարմինների հետ:
ԲԴԽ կողմից առաջադրված Արամայիս Փաշինյանy հորդորեց ինտրիգներ չփնտրել:
«Որևէ մեկը մեզնից կաշկանդված չէ իր ընտրող ուժի կամ քաղաքական ուժի կամ պետական մարմնի կողմից ընտրված լինելու հանգամանքով», - ասաց Արամայիս Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանն ասաց՝ տեղում է որոշումը կայացրել․ «Որևիցե հրահանգ կամ որևիցե պատվեր չի կարող իջեցվել այս մարմնի ոչ մի անդամի նկատմամբ»:
Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ անձամբ չի ճանաչում վարչապետին, հանձնաժողովի անդամ դառնալու առաջարկը ստացել է աշխատակազմի ղեկավարի Էդուարդ Աղաջանյանից:
«Ազատության» հարցին, թե մինչ այդ ճանաչե՞լ է պարոն Աղաջանյանին, բարեկամական, ազգակցական կապեր ունե՞ն, Լիլիթ Ալեքսանյանը պատասխանեց․ «Ոչ, ոչ մի ազգակցական, բարեկամական կապ չունենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Աղաջանյանը ինքը աշխատել է HSBC բանկում, որտեղ ես եմ աշխատել, և ես ճիշտն ասած չգիտեմ հստակ՝ ինչպես են եկել այս հրավերին, բայց կարծում եմ հենց դա էլ նպաստել է»:
«Միևնույն բաժնում չենք աշխատել, իրար հետ գործունեություն չենք ծավալել, բայց, այո աշխատել ենք նույն հաստատությունում», - նշեց նա:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվել էր դեռևս 2017 թվականին և սահմանում էր մրցույթային հանձնաժողովի ներգրավմամբ հանձնաժողովի ձևավորման կարգը։
Հեղափոխությունից հետո օրենքում փոփոխություններ նախաձեռնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սահմանելով գործող կարգը: Օրինագծի նախնական տարբերակի հեղինակ, նախկին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ քննադատել էր հանձնաժողովի ձևավորման նոր կարգը: Հանձնաժողովի հինգ անդամներից 3-ին առաջադրում են իշխանության տարբեր թևերը, որոնց տարանջատումը, ըստ Հովհաննիսյանի, Հայաստանում գրեթե չգործող սկզբունք է և «վերոգրյալ բոլոր մարմիններից որևէ մեկը առանձին կամք արտահայտելու հնարավորություն չունի»:
Այսպիսով նախկին հանրապետական Արփինե Հովհաննիսյանը կասկածի տակ էր դրել նաև կառույցի ապաքաղաքական լինելու փաստը: Օրերս կառավարությունը հաստատեց և ԱԺ ուղարկեց փաթեթ, որով վերադարձ է կատարվում հանձնաժողովի ձևավորման հին՝ մրցութային կարգին: Ստացվում է՝ օրենքը փոխվել էր միայն գործող հանձնաժողովի համար: Հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանն ասում է՝ հնարավոր է գործող կարգը պահպանվի:
«Կանխատեսումներ այդ մասով չանենք, ուղղակի մի դիտարկում՝ մրցութային կարգի ներկայացման ժամանակ միևնույն է ոչ բոլորի ինքնառաջադրման և ըստ կարողությունների իրենց ներդրման հնարավորությունն է ապահովվում», - ասաց Հարությունյանը:
Արդարադատության նախարարի ներկայացրած փաթեթով, որը Ազգային ժողովը դեռ պետք է հաստատի, ընդլայնվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները: Փոփոխությունների հետ կապված անհանգստություններ ունի Կենտրոնական բանկը, մասնավորապես բանկային գաղտնիքի հասանելիության տրամադրումը ապահովող դրույթների հետ կապված: Հանձնաժողովի անդամները օրենսդրականը փաթեթի ու այդ դրույթների մասին խոստացան խոսել առաջիկա ասուլիսին, համատեղ քննարկումից հետո:
Օրվա վերջում Էդգար Շաթիրյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց` հայտարարելով, որ նպատակահարմար չի համարում հետագա պաշտոնավարումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
«Ազատության» հետ հեռախոսազրույցում Շաթիրյանը պնդեց՝ գրառումը ինքն է կատարել, բայց այս պահին այդ թեմայով մեկնաբանություններ չի տալիս, քանի որ դեռ քննարկումների մեջ է: Իսկ հարցին էլ, թե արդյո՞ք իշխանություններից ինչ-որ մեկը երաշխավորել էր, որ հենց ինքն է լինելու հանձնաժողովի նախագահը, Շաթիրյանը պատասխանեց, նման բան չկա և իր որոշումը պայմանավորված չէ նախագահ չընտրվելու հանգամանքով: Խնդիրն, ըստ Շաթիրյանի այն է, որ հանձնաժողովում իր անձի նկատմամբ անվստահություն կա: