Վարչապետը շեշտեց, որ 15 տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի և իշխանությունների հարաբերությունները պարզ չեն եղել, ու թեև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, լուծվել են ինստիտուցիոնալ կարևորագույն հարցեր, առաջին անգամ խորհրդարանական ընտրությունները կասկած չեն հարուցել ո՛չ հայաստանցիների, ո՛չ միջազգային դիտորդների մոտ, սակայն մարտահրավերներ էլ կան: Պետք է ժողովրդավարությունը ամրապնդել, և կայացնել դատական անկախ համակարգը:
«Մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը: Մենք ընդհանուր առմամբ և սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն: Բայց երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի ցույց դրեց իր կամքը՝ գործնական և քաղաքական, հրաժարվել դատական համակարգի նկատմամբ վերահսկողության պրակտիկայից, պարզվեց, որ դա որոշակի դաշտ է բացում նրանց համար, ովքեր նախկինում վերահսկողություն ունեին դատական համակարգի նկատմամբ, և նրանք սա գնահատեցին որպես հնարավորություն, որ իրենք կարող են շարունակել վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ՝ այսպիսով փորձելով հետ պտտել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները: Այսօր հստակ արձանագրում եմ, որ Հայաստանում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային, բովանդակային փոփոխությունների, այնպես որ այդ դատական համակարգը լինի իրապես անկախ, լինի Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության առանցքային ինստիտուտներից մեկը», - իր խոսքում նշեց Փաշինյանը:
Վարչապետն արձանագրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը կայացել է, չնայած 15 տարի առաջ կային հոռետեսական գնահատականներ: Բացի այդ, տարիներ շարունակ օմբուդսմենի և իշխանությունների հարաբերությունները բավական բարդ են եղել: Այդ մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանի առաջին երեք օմբուդսմենները չեն պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը, այլ հրաժարական են ներկայացրել:
Իշխող մեծամասնությունը, ըստ վարչապետ Փաշինյանի, ամեն ինչ կանի, որ ստեղծեն բոլոր նպաստավոր պայմանները օմբուդսմենի գործունեության համար: Հեղափոխությունը մարդու իրավունքների համար նոր միջավայր է ստեղծել, որտեղ մարդը բարձրագույն արժեք է․ - «Մեր գործունեությունը հեղափոխությունից հետո ուղղված է հենց առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությանը, որովհետև այդ պաշտպանությունը, մարդու իրավունքները հենված են այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ Հայաստանի Հանրապետությունում հավասար են օրենքի առաջ, և մարդկանց անհավասարություններն օրենքի առաջ առաջին հերթին ստեղծում են կոռուպցիա: Եվ երբ Հայաստանի կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, առաջին հերթին դրա արդյունքը մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակը պետք է լինի»:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը ողջունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անդրադարձավ նրա հնչեցրած մտքերին․ - «Նախ Դուք ասացիք, թե մարդու իրավունքների համար որքան կարևոր է, որ բոլորը հավասար լինեն օրենքի առաջ, և հենց դրա համար ենք մենք այստեղ, որ աջակցենք ձեր տեսլականին՝ բարեփոխելու դատաիրավական համակարգը, բարեփոխելու ոստիկանությունը, և ես առաջիկա օրերին քննարկումներ կունենամ Հայաստանում այս հարցերի շուրջ: Որովհետև մենք ցանկանում ենք, որ Դուք այդ օրակարգն առաջ տանեք ժողովրդի համար»:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինն ասաց, որ իրենք ողջունում են մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակումը, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը:
Մարդու իրավունքների պաշտպանության օրակարգում եվրոպացի պաշտոնյան հատկապես երկու թեմա կարևորեց՝ կանանց դեմ բռնության և ատելության խոսքի վերացումը․ - «Անգամ Եվրոպայում, որն աշխարհում վատագույն վիճակում չէ, ամեն երրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության: Մենք պատասխանատվություն ունենք դա կանխարգելել, վերացնել ու դատապարտել: Մենք հույս ունենք, որ Հայաստանը ևս հիմնարար քայլեր կձեռնարկի կանխարգելելու և ավելի լավ արձագանքելու կանանց դեմ բռնությանը»:
Այս օրերի մյուս կարևոր թեման, ըստ եվրոպացի պաշտոնյայի, ատելության խոսքի տարածումը թույլ չտալն է․ - «Սա, իհարկե, պետք է արվի առանց սահմանափակելու հիմնարար ազատությունները, ազատ խոսքը: Եվրամիությունը պատրաստ է կիսել իր փորձը այս ոլորտում, որպեսզի արդյունավետ և համապատասխան միջոցներ ձեռնարկվեն որքան հնարավոր է շուտ»: