Քաղաքացու կորցրած անձնագրով օրեր շարունակ վարկեր են ձևակերպել

Երևանաբնակ Խաչատուր Միքայելյանը ավելի քան տասն օր առաջ մայրաքաղաքի տաքսիներից մեկում կորցնում է իր անձնագիրը, և անցած օրերի ընթացքում նրա անձնագրով կարողանում են հայաստանյան մի քանի խոշոր բանկերում առնվազն մեկ միլիոն չորս հարյուր հազար դրամ չորս վարկեր ձևակերպել, իսկ ոստիկանությունն էլ օրեր շարունակ չի կարողանում հայտնաբերել Միքայելյանի անձնագիրը օգտագործողին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ տեղի ունեցածի վերաբերյալ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ստուգում է սկսել:

«Նոյեմբերի 14-ին նստել եմ տաքսի, ձեռքիս պայուսակը թողել եմ տաքսիի մեջ, այդ մասին անմիջապես հայտնել եմ ոստիկանություն, դրանից մի օր անց ընկերների միջոցով տեղեկանում եմ, որ անձնագրով գործարքներ են փորձել կատարել, այսինքն՝ վարկեր են փորձել ձևակերպել, անմիջապես զանգահարում եմ ոստիկանին, տեղյակ եմ պահում իմ գործով զբաղվող ոստիկանին, այնուհետև մոտենում եմ իրենց մոտ ու արդեն ինչ տվյալներ ունեմ այդ մարդու մասին՝ ով է և այլն, այդ ամեն ինչը հայտնում եմ», - նշեց Միքայելյանը:

Ըստ Խաչատուր Միքայելյանի, ոստիկաններին տրամադրում է իր մոտ եղած տվյալները, այդ թվում՝ մեքենայի պետհամարանիշը, սակայն իրավապահները միայն օրեր անց են վարորդին կանչում ոստիկանություն: Վարորդը հայտնում է, թե որևէ առնչություն չունի Միքայելյանի կորցրած անձնագրի, դրամապանակի հետ, ուր 300 հազար դրամ էր:

«Դրանից հետո արդեն գործը անցնում է հետաքննիչի մոտ, որի մոտ նույնպես ես էլի այլ տվյալներ եմ ներկայացնում, այսինքն՝ որոշ բանկերից պայմանագրերը տանում եմ, տալիս եմ իրեն, խնդրում եմ, որպեսզի արագ այդ գործընթացը կազմակերպի, ու նաև նկարներ եմ փոխանցում էն խանութներից, որտեղ որ ինքը փորձել է գործարքներ կատարի․ ապառիկի միջոցով հեռախոսներ է առել, տարբեր բանկերի միջոցով», - պատմեց Խաչատուր Միքայելյանը:

Ոստիկաններին այդ մարդու լուսանկարների տրամադրումից հետո անգամ, նշված անձը ազատ կերպով շարունակում է Միքայելյանի անձնագրով վարկեր ձևակերպել:

«Ոնց որ ամսի 20-ին խանութներից մեկից՝ «Զիգզագ» խանութից էլի ծանոթ մարդ զանգում է, ասում է, որ «ինքը արդեն ստեղ ա ու հենց էս պահին փորձում ա գործարք կատարի», ես անմիջապես զանգում եմ հետաքննիչին տեղյակ եմ պահում, որ սենց գործողություններ է անում, հետաքննիչը խորհուրդ է տալիս զանգել 1-02, որից հետո Մալաթիայի բաժնի աշխատակիցների հետ արդեն հասնում ենք «Դալմա», արդեն էդ մարդը լքել էր տարածքը», - ասաց նա:

Միքայելյանի խոսքով, հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ թեև ոստիկանությունում դիմում էր գրել դեռ նոյեմբերի 14-ին՝ չեղարկելու իր կորցրած անձնագիրը, սակայն օրեր անց պարզվել է, որ այն չի չեղարկվել:

«Ես կարծում էի, որ եթե ոստիկանություն դիմում են գրում, ամսի 14-ին գրել էի, ուրեմն պիտի չեղարկեին, բայց փաստորեն իրանք չէին չեղարկել անձնագիրը, այսինքն՝ 4 օր անցել էր, չէին չեղարկել, ես նորից անձնագրային վարչություն եմ ներկայանում, դիմում եմ գրում, որպեսզի ID քարտը չեղարկվի, ու փաստորեն ամսի 20-ին ևս արդեն չեղարկված անձնագրով վարկային հարցումներ են կարացել կատարել, այսինքն՝ էլի վարկային կազմակերպություններում և բանկում, դա նորից ԱՔՌԱ-ից եմ տեղեկացել», - նշեց Միքայելյանը:

Դեռ պարզ չէ՝ արդեն չեղարկված անձնագրով կարողացե՞լ են վարկ ստանալ, թե՞ ոչ:

«Գտնելու հետ կապված՝ ես չեմ կարծում, որ ինչ-որ բարդ խնդիրներ է եղել իրան գտնելը, որովհետև ինքը սկզբնական շրջանում նույնիսկ չէր էլ թաքնվում, այսինքն՝ այդ մարդը ամսի 15-ին և 17-ին վարկեր ձևակերպելուց հետո 18-ին շատ հանգիստ ներկայացել է ոստիկանություն, այսինքն՝ ինքը բացահայտ չէր էլ թաքնվում ու ամսի հենց 18-ին նորից գնացել է վարկ է ձևակերպել», - հավելեց Միքայելյանը:

Թե ինչո՞ւ ոստիկանությունը օրեր շարունակ չի կարողանում գտնել Խաչատուր Միքայելյանի անձնագիրն օգտագործողին, Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, թե համապատասխան գործողություններ են իրականացնում, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մյուս հարցը պակաս կարևոր չէ․ ինչպե՞ս են կարողացել ուրիշի անձնագրով հայաստանյան երեք խոշոր բանկերում վարկեր ձևակերպել, արդյո՞ք այս դեպքն ի ցույց չի դնում հայաստանյան բանկային համակարգում առկա գործերի իրական վիճակը: Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը այսօր «Ազատությանը» ասաց, թե ընդհանուր առմամբ, բանկային համակարգի խոցելիության մասին, անշուշտ, սխալ է խոսել, գործ ունենք մասնավոր մի անբարեխիղճ դեպքի հետ, որի վերաբերյալ պետք է համապատասխան գնահատական տա իրավապահ համակարգը:

«Իմ կարծիքով, երբ որ մարդը անձնագիրը կորցնում է, ինքը պարտավոր չի հետաքննություն կազմակերպի, գնա խանութներում հարցումներ կազմակերպի, գնա ԱՔՌԱ վարկային բյուրո և այլն: Իմ կարծիքով, շատ նորմալ է, որ ոստիկանություն դիմում գրելով մարդը պետք է գլխացավանքներից ազատվի, բայց փաստացի, եթե ես չունենայի ծանոթներ բանկերում, ինչ-որ ֆինանսական կազմակերպություններում և այլուր, ես կարող է շատ չիմանայի, որ վարկեր կա իմ անունով, ապառիկներ կա, իմ անունով ինչ-որ մեկը տենց գործողություններ կատարի, այսինքն՝ եթե ես չզբաղվեի, շատ հնարավոր է, որ մի վեց ամիս հետո ինչ-որ արդեն բանկերից, հարկադիր ծառայությունից գային ինձանից այդ փողերը ուզեին, ու ես այդ ժամանակ արդեն չէի էլ կարողանա ապացուցեի, որովհետև ոչ վիդեոներ մնացած կլիներ այդ խանութներում, ոչ էլ ինչ-որ ձև հնարավոր կլիներ դա ապացուցել: Այսինքն՝ եթե մարդը չի զբաղվում ինքն իր գործով, կարելի է ասել, որ ինքը պաշտպանված չի», - ընդգծեց Խաչատուր Միքայելյանը: