Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: «Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը», - գրում է վարչապետը Ֆեյսբուքում:
«Այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1 տոկոս: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8 տոկոս, շինարարության աճը՝ 4.5 տոկոս, առևտրի աճը 8.9 տոկոս, ծառայությունների աճը՝ 15.1 տոկոս: Արտահանումն ավելացել է 7.2 տոկոսով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով», - մանրամասնում է Փաշինյանը:
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ», - ընդգծում է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ «Ֆիթչ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:
«Սա «Մուդիսի» համանման որոշման հետ համատեղ արձանագրում է միջազգային տնտեսական հանրության դրական վերաբերմունքը Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ», - գրում է վարչապետը: