ՀՔԾ-ն որոշում է կայացրել մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանին

2008-ի արյունալի իրադարձությունները քննող Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ «Ազատության» հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց՝ Կոստանյանին քննչական ծառայություն ներկայանալու համար 48 ժամ ժամանակ են տրամադրել։ Կոստանյանն արդեն երկու ամիս է գտնվում է Մոսկվայում՝ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի առաջին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին մեղադրանք առաջադրելու համար: Այդ մասին նրան ծանուցում է ուղարկվել», - ասաց Օհանջանյանը:

ՀՔԾ-ն դեռ չի մանրամասնում, թե ինչ հոդվածներով է մեղադրյալ ներգրավել Կոստանյանին և ինչ խափանման միջոց է ընտրվել։ Գևորգ Կոստանյանի հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվում։ Նա ավելի վաղ մի քանի լրատվամիջոցների ասել էր, որ գտնվում է Մոսկվայում, որտեղ դեռ սեպտեմբերից կնքված աշխատանքային պայմանագիր ունի, ուստի առայժմ չի կարող վերադառնալ Հայաստան՝ շեշտելով, որ չի խուսափում:

Սեպտեմբերի 25-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ այս գործով մեղադրյալ է ներգրավել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար: Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

ՀՔԾ ծավալուն հաղորդագրությունը վերաբերում էր 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ և նախագահի օգնական Գևորգ Կոստանյանին։ Ըստ մեղադրանքի` 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նպատակ են ունեցել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը՝ դրանք են՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում ծավալվող իրադարձությունների ժամանակ ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները և Հայաստանի զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։

Ըստ ՀՔԾ-ի, այս պաշտոնյաները թաքցրել են զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը ներկայացրել են որպես իրավաչափ գործողություններ։

ՀՔԾ-ն մանրամասնում է՝ Կոստանյանը և Մհերյանը մի խումբ բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ Ալիկ Սարգսյանի և Մարտի 1-ի գործը ժամանակին քննող մարմնի միջոցով պարտակել են առանձնապես ծանր հանցագործությունը։ Այսինքն իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցներ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Հայաստանի ոստիկանության վարչական շենք և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հանձնարարությամբ խորհրդակցություն անցկացրել։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Հայաստանի ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևանում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով այդ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և մի խումբ բարձրաստիճան ոստիկաններ սկսել են կատարել այդ հանձնարարությունները։

Դրանից հետո 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, նրա տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր։

Հետո այդ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերը տրամադրվել են Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին, փորձագետների փաստահավաք խմբին, Մարտի 1-ի վարույթն իրականացնող մարմնին։

Բացի այդ, ոստիկանության գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր այն մասին՝ իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Բացի այդ, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակաների հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին: