Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Գրքի երևանյան երրորդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցան համերգներ, հանդիպումներ արվեստագետների հետ, դասախոսություններ, վարպետաց դասեր, նոր գրքերի շնորհանդեսներ և այլն:
Մոտ 40 հրատարակչություն այդ օրերին իրենց հրատարակած գրքերն էին ցուցահանդես-վաճառքի ներկայացրել 20-40 տոկոս զեղչով:
Փառատոնի ավարտին՝ երեկ երեկոյան, ազդարարվեցին փառատոնի շրջանակներում անցկացվող գրական մրցույթի հաղթողների անունները երեք անվանակարգերում:
«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակի են արժանացել Արփի Ոսկանյանն ու Անահիտ Հայրապետյանը, «Արձակ» անվանակարգում՝ Անուշ Սարգսյանն ու Աննա Դավթյանը և «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Արմենուհի Սիսյանն ու Արշակ Սեմիրջյանը: Նրանցից յուրաքանչյուրինհատկացվում է նաև 400 հազարական դրամ պարգևավճար:
Մասնակցության հայտ կարող էին ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չէին կարող:
Մասնագիտական ժյուրիի կազմում էին Ալեքսանդր Թոփչյանը, Դավիթ Մուրադյանը, Ալվարդ Սեմիրջյանը, Դավիթ Հարությունյանը, Քրիստինե Հովհաննիսյանը, Տիգրան Պասկևիչյանը և Տիգրան Սիմյանը:
«Ազատության» զրուցակիցն է փառատոնի կազմակերպիչներից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրականության ոլորտի հատուկ փորձագետ Արմեն Սարգսյանը․ - «Գրքի երևանյան երրորդ փառատոնը իսկապես ստացված էր, արդեն ավանդական է դարձել: Կարծես ամփոփում է ամբողջ տարվա գրական իրադարձությունները: Մեկտեղում է, մարդիկ շատ ջերմ շփվում են, շատ ջերմ մթնոլորտ էր: Ներգրավել ենք ոլորտի բոլոր մասնագետներին՝ և՛ գրավաճառներին, և՛ գրահրատարակիչներին, և՛ գրողներին, և՛ մարկետինգի մասնագետներին, և նկարազարդողներին»:
«Ազատություն»․ - Ի սկզբանե փառատոնն ի՞նչ նպատակով էր ստեղծվել:
Սարգսյան․ - Փառատոնը ստեղծվել է գրող - հրատարակիչ - ընթերցող շղթայի ամրացման համար, ընթերցանությունը խթանելու համար, ստեղծագործողների համար ստեղծագործելու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, ինչպես նաև գրականության ոլորտի տեղեկատվությունը ընթերցողին առավել արագ և պատասխանատու ձևով հասցնելու համար:
«Ազատություն»․ - Իսկապե՞ս ընթերցողների աճ կա: Մարդկանց հետաքրքրո՞ւմ է, թե՞ դա զուտ գրական շրջանակների համար է:
Սարգսյան․ - Գրական շրջանակները չէին կարող 15 հազարից ավելի լինել, որովհետև մեր բոլոր միջոցառումներին ոչ մի աթոռ դատարկ չի մնացել: Էլ չեմ ասում, մոնիթորինգ անցկացնելու համար երբ խոսում էին հրատարակիչների հետ, նրանք ուղղակի հազարավոր գրքեր են վաճառել: Կային սկսնակ հրատարակչություններ, որոնք մեկ տարում չեն վաճառել այնքան գիրք, ինչքան վաճառել են երեք օրում: Լիահույս ենք, իհարկե, որ փառատոնը կդառնա միջազգային՝ հայտնի գրողների նաև արտերկրից հրավիրելով Հայաստան:
«Ազատություն»․ - Ավանդակա՞ն է դառնալու:
Սարգսյան․ - Վստահ եմ, որ ավանդական կդառնա: Համացանցը այս օրերին ողողված է գրքի փառատոնի նկարներով: Ե՛վ արվեստագետներ են, և՛ անգամ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, բոլորը եկել են և շատ հիացած, տպավորված հեռացել են փառատոնից:
«Ազատություն»․ - Եվ ամենակարևորը՝ գրական մրցույթը:
Սարգսյան․ - Մտավորականը, գրողը պետք է արժանապատիվ ապրի իր երկրում, պետությունը պետք է տեր կանգնի այդ գրողին: Դրան էր միտված նաև գրական և մշակութային մամուլին նախարարության կողմից տրվող հոնորարային ֆոնդի ավելացումը: Այժմ այն պարբերականները, որոնք ստանում են աջակցություն նախարարությունից, տալիս են գրողներին հոնորար իրենց բանաստեղծությունները, պատմվածքները, մյուս գործերը հրապարակելու համար: Նախկինում չի եղել, այս տարվա հունվարից արդեն կա: Եվ այդ գումարները քիչ չեն: Կարող եմ ասել, որ 10 հազարից մինչև 20, 30 հազար դրամ: Այնպես որ, սիրելի գրողներ, դիմեք այդ կայքերին, ամսագրերին, հրապարակվեք այդտեղ և ստացեք հոնորար, պահանջեք ձեր հոնորարը: Դրան էր միտված նաև ստեղծագործողներին և հետազոտողներին տրվող դրամաշնորհային ծրագրի իրականացումը, որը արդեն երկու տարի է, ինչ հաջողությամբ մեկնարկել է: Մեկ միլիոն դրամ է դրամաշնորհը: Կարծում եմ, որ դա հրաշալի գումար է, որովհետև ոչ մի երազանքի Հայաստանում դեռևս գրողը այդքան հոնորար չի ստացել իր գրքի հրատարակման համար»: