Բաքուն կրճատում է Նախիջևանի ֆինանսավորումը

Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆով, արխիվ

Բաքուն կրճատում է Նախիջևանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը: Այդ մասին այսօր երկրի խորհրդարանում` Միլի մեջլիսում ընթացող բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

«Բյուջետային հատկացումները 19 միլիոն մանաթով կրճատելու խնդրանքով կենտրոնական իշխանություններին դիմել է Նախիջևանի ինքնավար հանրապետության կառավարությունը: Հանրապետության ղեկավարությունը նշել է, որ կարողացել է 19 միլիոնով ավելացնել սեփական եկամուտների ծավալը, ուստի Նախիջևանի 2020 թվականի բյուջեն չի կրճատվի և կմնա նույն մակարդակի վրա, ինչ նախորդ ֆինանսական տարում», - նշել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը:

Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի Գերագույն խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ինքնավար հանրապետությունը պետք է մեծացնի սեփական եկամուտների ծավալը` դադարելով հույսը բացառապես Բաքվի հետ կապել:

Ներկայումս Նախիջևանի ինքնավար հանրապետության պետբյուջեն 78 տոկոսով ձևավորվում է Բաքվից ստացվող ուղղակի դոտացիայի միջոցով: