Էրեբունիում կրակոցների երեք դեպքերով քրգործերը միացվել են մեկ վարույթում, նախաքննությունը շարունակվում է

Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում կրակոցների երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, հրազենով կրակոցներ են արձակվել Երևանի Բուռնազյան փողոցում գտնվող արտադրամասի պատուհանի ուղղությամբ՝ վնասելով երկշերտ ապակիներից մեկը և պատին ամրացված տեսախցիկը:

Դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով («ապօրինի զենք») և 258-րդ հոդվածի 2-րդ մասով («խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ:

Բացի այդ, տվյալներ են ստացվել նաև նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող բնակարանի և նոյեմբերի 21-ին ժամը 00:30-ի սահմաններում նույն պողոտայում գտնվող գրասենյակի ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակելու վերաբերյալ:

Նշված դեպքերի առթիվ ևս Ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր ՔՕ նույն հոդվածների հատկանիշներով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են նույն քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել զինված միջադեպերի առերևույթ կազմակերպչի և մասնակից անձանցից մի քանիսի ինքնության վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ վերջիններս, հնարավոր է, իրենց բնակության վայրերում պահել են զենք և զինամթերք, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Որոշում է կայացվել երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ, մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, որի ընթացքում հայտնաբերված առարկաների վրա առկա են եղել հրազենային վնասվածքներ, հայտնաբերվել և առգրավվել են կրակված փամփուշտների գնդակների չորս բեկորներ, վնասված տեսանկարահանող սարք, կրակված փամփուշտի գնդակների մնացորդներ, 25 կրակված 5/39 տրամաչափի փամփուշտների պարկուճներ: Հայտնաբերվել է նաև Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա՝ հրազենային վնասվածքներով:

Նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: