Մայքլ Բլումբերգը ցանկանում է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

Մայքլ Բլումբերգ, նոյեմբեր, 2019թ․

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պաշտոնապես հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու ցանկության մասին:

Նախօրեին,Twitter-ում արված գրառման մեջ Բլումբերգը նշել է․ - «Ես առաջադրվում եմ Դոնալդ Թրամփին հաղթելու և Ամերիկան վերակառուցելու մտադրությամբ: Նախագահ Թրամփի անխոհեմ և անբարոյական գործողությունները ևս չորս տարի հանդուրժել մենք չենք կարող»:

Մայքլ Բլումբերգը 77 տարեկան է, նա համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Forbes հանդեսի գնահատմամբ՝ Բլումբերգի կարողությունը գերազանցում է 50 միլիարդ դոլարը: Բլումբերգը 12 տարի պաշտոնավարել է որպես Նյու Յորքի քաղաքապետ: Նա այդ պաշտոնում երկու անգամ առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից: