«Հայաստանին և Ադրբեջանին նախապատրաստում են խաղաղության»․ - այսպիսի վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել «Կոմերսանտ»-ը:
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությանը հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունների մասին՝ ռուսաստանյան պարբերականը գրել է, թե փոխանակումը տեղի է ունեցել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ծրագրի շրջանակում, որը Բաքուն և Երևանը համաձայնեցրել էին 2019 թվականի հունվարին Փարիզում:
«Կոմերսանտ»-ը նշում է, թե ըստ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս ծրագիրը հնարավորություն է տվել կողմերին ընթացիկ տարում հասնել որոշակի տեղաշարժերի հումանիտար ուղղությամբ: Ըստ ռուսական պարբերականի՝ խոսքն առաջին հերթին բանտարկյալների փոխանակման մասին է: Այսպես, հուլիսին Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովը կարողացան հայրենիք վերադառնալ:
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Կոմերսանտ»-ին ասել է, որ շփման գծում փոխհրաձգությունների թվի նվազումը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ծրագրի իրականացման արդյունքն է:
«Վերջին 12-14 ամիսների ընթացքում իրավիճակը բարելավվել է: Իհարկե, եղել են դրա խախտման առանձին դեպքեր, սակայն նախորդ տարիների համեմատ իրավիճակը կայուն է: Այս ամռանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև չխանգարել գյուղացիներին բերքահավաքի ժամանակ և չկրակել», - «Կոմերսանտ»-ին ասել է Մայիլյանը:
Ռուսական թերթը զրուցել է նաև Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, ով ասել է, թե հայկական կողմը պատրաստ է երկխոսության, շեշտելով․ -«Հայաստանի Հանրապետության բնակչությունը ոգևորությամբ վստահում և հետևում է իր առաջնորդին: Եթե Նիկոլ Վովաևիչը վաղը ասի՝ «ա՛յ,տղերք, մենք հիմա բոլորս պատրաստվում ենք վերցնել Բաստիլի ամրոցը», բոլորը կթողնեն իրենց տները և կգնան»:
Խոսելով Հայաստանի կողմից խաղաղության նախապատրաստման ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացի մասին՝ Ալեն Սիմոնյանը, այդուհանդերձ, նշել է, որ ինքը չի տեսնում Ադրբեջանի կողմից դրա իրականացման նույն պատրաստակամությունը, քանի որ հռետորաբանությունը միայն ռազմատենչ է:
Հավելենք՝ «Կոմերսանտ»-ը հոդվածի վերջում տեղեկանք է ներկայացրել Ղարաբաղի մասին, որտեղ նշված է, թե «Լեռնային Ղարաբաղը, երբ դարձել է Ռուսական կայսրության մաս, ադրբեջանական մահմեդական շրջան էր»: