Հոնկոնգում տեղական ընտրություններ են

Ընտրողները հերթ են կանգնել ընտրական տեղամասի մոտ, Հոնկոնգ, Չինաստան, 24 նոյեմբերի, 2019թ.

Հոնկոնգում այսօր տեղական ընտրություններ են: Դրանք անցկացվում են շուրջ կես տարի տևող բողոքի զանգվածային ակցիաներից հետո:

Ընտրողների մասնակցությունը շատ բարձր է, օրվա ընթացքում քվեարկել է մոտ 3 միլիոն 900 հազար ընտրող:

Այս ընտրությունները համարվում են քաղաքական լուրջ քննություն Հոնկոնգի վարչակարգի գործադիր ղեկավար Քերի Լամի համար:

Երբեմնի բրիտանական տարածք Հոնկոնգը Չինաստանում ունի հատուկ քաղաքական կարգավիճակ:

Հոնկոնգում բողոքի զանգվածային միջոցառումներ են սկսվել այն բանից հետո, երբ տեղական օրենսդիր մարմինը փորձել է անցկացնել արտահանձնման մասին օրինագիծ, որը թույլ կտար մեղադրյալներին դատավարության նպատակով ուղարկել Չինաստան:

Հետզհետե այդ բողոքի ակցիաների ընթացքում Հոնկոնգի բնակիչներն առաջ են բերել դեմոկրատիայի պաշտպանությանն ուղղված այլ պահանջներ:

Վերլուծաբանների համոզմամբ, այդ ընդվզումը դարձել է լուրջ սպառնալիք Չինաստանի նախագահ Սի Ծինպինի համար:

Պաշտոնական Պեկինն այս ամիսների ընթացքում մշտապես պնդել է, որ չի ցանկանում միջամտել Հոնկոնգի ներքին խնդիրներին, սակայն որևէ պարագայում չի հանդուրժի գործողություններ, որոնք կհակասեն «երկու համակարգ մեկ պետություն» սկզբունքին: