Փաշինյան. Հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունների բոլոր նախադրյալները կան

Հայաստանի և Իտալիայի վարչապետները բանակցություններից հետո, 22-ը նոյեմբերի, 2019թ.

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հռոմում բարձր մակարդակի բանակցություններ է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։

Կայացել է Հայաստանի և Իտալիայի վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն քննարկել են հայ-իտալական հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները։ Հանդիպումից հետո Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր։

«Մեր բանակցություններում զգալի չափաբաժին հատկացրեցինք առևտրատնտեսական հարաբերություններին։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահի դրությամբ Իտալիան մեր երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է Եվրամիությունում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները», - ասել է վարչապետը:

Ըստ նրա, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար։

«Կարևորեցինք 2020 թ. հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը։ Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում», - ասել է վարչապետը:

Վերջինս նշել է, որ իտալացի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Մտքեր փոխանակեցինք սիրիական ճգնաժամի շուրջ, մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ: Համոզված եմ, որ այսօրվա մեր արդյունավետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի մեր երկրների համագործակցությանը, և մեր օրակարգը կհամալրվի բազմաբովանդակ նախաձեռնություններով», - նկատել է Նիկոլ Փաշինյանը։