Մեր մայրաքաղաքում գրքի տոն է․ մեկնարկել է Գրքի երևանյան 3-րդ փառատոնը

Հայ բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում այսօր մեկնարկեց Գրքի երևանյան 3-րդ փառատոնը, որի մասնակցում են շուրջ 40 հրատարակչություններ: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված գրքերը փառատոնի երեք օրերին կվաճառվեն 40 տոկոս զեղչով:

Այս տարի նոյեմբերի 22-24-ն անցկացվող Գրքի երևանյան փառատոնին մասնակցող հրատարակչությունների թիվն ավելացել է 10-ով:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան 15 նոր գրքերի և նախագծերի շնորհանդեսներ, նաև քննարկումներ, վարպետության դասեր, բանախոսություններ, համերգներ:

Փառատոնի կազմակերպիչներից Անի Հակոբյանն ասաց․ - «Փառատոնը երկու անգամ ավելի շատ միջոցառումներով է հանդես գալիս այս տարի, քան նախորդ երկու տարիներն էր: Սա առաջին հերթին գրքի տոն է, գրքի հանրահռչակման մի յուրահատուկ ձև է, որը ամբողջ աշխարհում արդեն կա»:

Գրքի երևանյան փառատոնի գլխավոր բաղադրիչը գրական մրցույթն է, որին այս տարի ներկայացվել է 87 հայտ՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» անվանակարգերում: Ամենաշատ հայտերը՝ թվով 43 ներկայացվել են «Պոեզիա» անվանակարգում, 34 հայտ է ներկայացվել «Արձակ», և 10 հայտ՝ «Դրամատուրգիա» անվանակարգերում:

Անի Ղազարյանը նշեց, որ գրողների համար ամենագրավիչը գրական մրցույթն է, որը հաղթողներից յուրաքանչյուրին 400 հազարական դրամ պարգևավճար կհատկացնի․ - «Ժյուրին հրապարակված է մեր ծրագրում, ֆեյսբուքյան էջում: Արդեն մեկ ամիս առաջ հայտարարվել է: Գրքի արշավի ընթացքում հնարավորինս տարածել ենք նախորդ տարիների հաղթողների գործերը, հայտնի դերասաններ, սիրելի արտիստներ ընթերցել են պոեզիայի գործերը»:

Գրքի երևանյան փառատոնը տեղի է ունենում Կրթության, գիտության, մշակույթի նախարարության աջակցությամբ: Փոխնարար Նարինե Խաչատուրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Իմ ամենամեծ ակնկալիքը ընթերցողների բանակի մեծացումն է: Եվ սա նպաստում է: Փառատոնը աշխուժացրեց ընթերցանությունը, մի բան, որ շատ կարևոր է: Եվ գրքի նկատմամբ վերաբերմունքը, որ մենք դարերով ունեցել ենք՝ բացառիկ վերաբերմունք, բացառիկ խոնարհում գրքի առջև, հիմա ոնց որ թե գենետիկ հիշողությունը արթնացրեց: Գիրքը այսօր հերոս է դարձել, այս երեք օրերին ընթացքում գլխավոր հերոսն է: Ո՛չ իշխանական որևէ պաշտոնյա, ո՛չ ընդհանրապես որևէ տնօրեն կամ չգիտեմ ինչ․․․ այս երեք օրերին իրենք հետ են քաշվում, և մեջտեղ է գալիս գիրքը: Իսկ սա մեծ ձեռքբերում է: Իսկ եթե գիրք ենք ասում, անշուշտ գիրքը գրող է՝ հեղինակ կամ թարգմանիչ, նկարազարդողմ հրատարակիչ: Այսինքն, այս գործը անողները, գիրք ստեղծողները և գիրքը սեղանին դնողները այսօր ամենակարևոր մարդիկ են: Այնպես որ շնորհավորում եմ բոլորիս:

Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանն ասաց․ - «Ես կուզեի, օրինակ, տարին երկու անգամ լիներ՝ գարնանային փառատոն և աշնանային: Գիրքը պետք է մոտեցնել ընթերցողին, որովհետև հիմա ամեն մի արտադրանք հասցնում են մինչև տուն: Գիրքը պիտի ցույց տաս, մարդիկ տեսնեն: Բաներ կան, որոնց կորուստները տասնամյակներ հետո չես կարող վերականգնել»:

«Մագաղաթ» հրատարակչության տնօրեն Ռուզաննա Կնյազյանը հավելեց․ - Շատ բուռն, մեծ ակտիվություն ունենք: Որակյալ աշխատանք ենք կատարում: Ինքս, որպես հրատարակչության տնօրեն, կարող եմ փաստել դա, որ որակը մնում է որակ: Թե՛ գրողի կողմից, թե՛ հրատարակչի կողմից և թե՛ տպագրիչի կողմից պետք է լինի աշխատանքը որակյալ»:

Կնյազյանն ասաց, որ իր ցանկությունը մասնագետների հետ աշխատելն է․ - «Որ քնից զարթնողը գիրք չգրի, կամ քնից զարթնողը խմբագիր չլինի, քնից զարթնողը հրատարակիչ կամ տպագրիչ չլինի: Պետք է գործի ճիշտ մասնագետները իրենց աշխատանքով զբաղվեն»: