ՀԱԿ անդամը Վարդան Ղուկասյանին «հիշողության կորստի» մեջ է մեղադրում

Հայ ազզգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյան

Հայ ազզգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանը Հայոց համազգային շարժմանը թալանի մեջ մեղադրող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իր հերթին մեղադրում է հիշողության կորստի մեջ։

«Առաջինը՝ Վարդան Ղուկասյանը սխալվել է կամ հիշողության կորուստ ունի, երկրորդ, որ Վարդան Ղուկասյանին աշխատում եմ հասկանալ՝ ինչու հիմա, ինչու այդպես ասած՝ մեղադրանքը, որը համարել եմ տարիներ առաջ, տասնամյակ շարունակ եղել է նրա պաշտպանական արսենալի մի մասնիկը։ Երբ կարիք է ունեցել պաշտպանվելու, արդարանալու, նաև այդ պահին գործող իշխանությունների կողմից պաշտպանվելու, այդ պահին նկատակահարմար է համարել, չգիտեմ ինչու, սլաքներն ուղղել, թիրախավորել նախկին իշխանություններին այն ժամանակ՝ ՀՀՇ-ին՝ երևի իր համարձակությունը ցույց տալու կամ մաքրությունը ցույց տալու համար», - ասաց նա։

Անցած շաբաթ, երբ ԱԺ-ի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեականացնող նախագծին, բարձրաձայնեց այդ օրինագծի հարակից զեկուցող պատգամավորի հասցեին հնչած սպառնալիքների մասին ու հիշատակեց Հայաստանի երկրորդ քաղաքի կեսը թալանած նախկին քաղաքապետին:

Գյումրին 15 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը հակադարձեց՝ ասֆալտին փռվելուց չի վախենում: Ինչ վերաբերում է թալանին, ապա հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի նախկին քաղաքական թիմը՝ ՀՀՇ-ն է թալանել Գյումրին. - «Թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ-ի բարձրաստիճան բոլոր ղեկավարների, ամբողջ քաղաքը թալանվեց, և 31 տարի մենք մնացինք այդ տնակների մեջ, մեղքը... իր քաղաքական թիմի մասին է խոսքը, որ ինքը որտեղից որ ծնվել է, նրանք են թալանել»։

Մուրադ Գրիգորյանն ակնարկեց, թե քաղաքում լավ գիտեն՝ ով ինչ ճանապարհով ինչերի է հասել՝ հիշեցնելով «Չախչախ» թագավորի հեքիաթը:

«Սկսենք հենց քաղաքից, մեր շրջապատից, ինչ-որ գիտեն գյումրեցիները, տեսնում են, թե ով ինչպես է ապրել, ով ինչպես է հիմա ապրում, ով ինչ ունեցվածք ունի։ Եթե որևէ մեկին կհետաքրքրի ճշտելու համեմատաբար թանկարժեք շենք-շինությունների իրական տերերին, եթե այնտեղ կլինի գոնե մեկ ՀՀՇ-ականի՝ ինձնից սկսած կամ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից մեկի անուն ազգանուն, ես ներողություն կխնդրեմ։ Բայց, ցավոք, իրականությունը լրիվ այլ է, ու դա ներկայացվում է բավական շեղված ձևով, իրական տերերը, իրական թալանչիները բոլորի աչքի առաջ են», - շեշտեց Գրիգորյանը։

Վերջինս Վարդան Ղուկասյանին էլ հարցնում է, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք չէր խոսում Գյումրիում շարունակվող թալանի ու կոռուպցիայի մասին, երբ «Լինս»-ի հիմնադրամի միջոցներով նախատեսվածից 90 բնակարան պակաս կառուցվեց, Հանթսմանի ծրագիրը կիսով չափ կրճատվեց, իսկ «Գլենդել հիլզի» կառուցած բնակարաններն անորակ դուրս եկան:

Վարդան Ղուկասյանը 1999 թվականից ի վեր 15 տարի շարունակ ղեկավարել է Գյումրին, հետևաբար ՀՀՇ-ի իրավահաջորդ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը նրա կողմից ՀՀՇ-ի անունը շահարկելը հնացած մեթոդ որակեց, որը, ըստ նրա, Վարդան Ղուկասյանին պատիվ չի բերում։