Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կասկածներ ունի, որ 15 տարի առաջ Ալավերդի քաղաքի յոթ մանկապարտեզների շենքեր վաճառվել են ապօրինի եղանակով՝ համայնքին հասցնելով խոշոր չափերի վնաս։
Մարզպետը դիմել է դատախազություն, որպեսզի ստուգեն կատարված գործարքների օրինականությունը, հնարավոր մեղավորներին պատասխանատվության կանչեն և հետագայում դատական կարգով գույքը համայնքին հետ վերադարձնեն: Մարզպետի դիտարկմամբ՝ մանկապարտեզի շենքերն Ալավերդիում վաճառվել են շուկայականից մի քանի անգամ, որոշ դեպքերում, ըստ նրա, 10-20 անգամ ցածր գներով։
«Համայնքը պետք է շահագրգռված լինի, որ իր գույքը վաճառի շուկայական գնով կամ մի քիչ ավելի բարձր գնով, բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ շատ ծիծաղելի գներով օտարել են համայնքին պատկանող գույքը, և բոլոր այն պաշտոնյաները, որոնք եղել են քաղաքապետարանում կամ այլ վայրերում և նպաստել են այս գործընթացին, պետք է պատասխանատվություն տան օրենքի առջև, դա միանշանակ», - ասաց մարզպետը։
Վերջինս շեշտեց, որ մանկապարտեզի շենքերի գնորդները նախկին պաշտոնյաներ են, ավագանու անդամներ կամ նրանց հետ կապակցված անձինք. - «Մեկն օտարվել է այժմյան քաղաքապետի մորը՝ Սասուն Խեչումյանի մայրիկին, մեկը՝ ավագանու անդամ, մեկը՝ բարեկամ, մեկը՝ ինչ-որ պաշտոնյայի կին կամ քույր։ Ունենք դեպք, որ օտարվել է մանկապարտեզը հենց ավագանու անդամին, ավագանու անդամը ստորագրել է և՛ որպես գնորդ, և՛ որպես ավագանու անդամ նույն արձանագրության մեջ՝ Սամվել Ավագյան՝ գնորդ, և Սամվել Ավագյան՝ ավագանու անդամ», - հայտարարեց նա։
Ամենաէժան գործարքը տեղի է ունեցել Սարահարթ թաղամասի թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքերի դեպքում՝ մեկ քառակուսի մետրը գնահատելով մոտ 1000 դրամ։ Դրանցից մեկը այդ տարիների ավագանու անդամ Սամվել Ավագյանը գնել է 945 հազար դրամով, մյուսը՝ 730 քառակուսի մետր մակերես ունեցող երկհարկանի շենքը, 787 հազար դրամով վաճառվել է քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Սամվել Աբելյանի կնոջը։ Աբելյանը նաև նախագահել է աճուրդային հանձնաժողովը, որը կազմակերպում և իրականացնում էր համայնքային գույքի վաճառքը։
Այժմ նրա ընտանիքը բնակվում է նախկին մանկապարտեզի շենքում, իսկ ինքը զբաղեցնում է նույն թաղամասի բնակշահագործման տեղամասի պետի պաշտոնը։
Մանկապարտեզի բավականին մեծ շենք վաճառելիս Սամվել Աբելյանին աճուրդային հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինել է ներկայիս քաղաքապետ Սասուն Խեչումյանը, որ քաղաքապետարանի իրավաբանն էր ու նաև աճուրդային հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին Սասուն Խեչումյանի ընտանիքը ևս Ալավերդի քաղաքում մեկ այլ խոշոր գույք էր ձեռքբերել։ 88-ի երկրաշարժից հետո կառուցված, բայց ավարտուն տեսքի չհասցված 3245 քառակուսի մետր մակերեսով եռահարկ մանկապարտեզի անավարտ շենքը գնել էր մեկուկես միլիոն դրամով։
Ալավերդու քաղաքապետի ընտանիքն այժմ բնակվում է այս շենքում, որ ունի նաև 1000 քառակուսի մետր հողամաս։ Այդ տարիներին քաղաքապետարանում աճուրդային հանձնաժողովի անդամ, ներկայիս քաղաքապետ Սասուն Խեչումյանն, ըստ փաստաթղթերի, 1000 քառակուսի մետր հողամասը տնօրինում է 90 տարի վարձակալության իրավունքով և միայն հողի հարկ է վճարում։ Ալավերդիում 15 տարի առաջ խոշոր գույք սեփականաշնորհած քաղաքապետ Սասուն Խեչումյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին՝ նշելով, որ ամեն ինչ օրինական է եղել, և ինքը, քաղաքապետարանում պաշտոն զբաղեցնելով հանդերձ, իրավունք ուներ գնելու ավելի քան 3000 քառակուսի մետր տարածք ունեցող շենքը։
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատահական չի համարում, որ համայնքապետը հանդես չի գալիս նախկինում տեղի ունեցած գործարքներն ստուգելու նախաձեռնությամբ. «Այժմյան գործող համայնքապետերն իրենք պետք է դիմեն իրավապահ մարմիններին, դա իրենց աշխատանքն է, որովհետև իրենք են կոչված համայնքի շահերը պաշտպանելու ի պաշտոնե։ Բայց ինչպես տեսնում եք, պասիվություն կա իրենց կողմից, և իրենք իրենց դեմ, բնականաբար, չեն կարող գործել կամ այն համակարգի դեմ, որը բերել է, իրենց քաղաքապետ դարձել», - ասաց մարզպետը։
Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբոր՝ Շնողի նախկին գյուղապետի ընտանիքին պատկանող «Շնող» ընկերությունը 2005 թվականին 706 քառակուսի մետր տարածք ունեցող թիվ 7 մանկապարտեզի եռահարկ շենքը, որը մինչև սեփականաշնորհելը նույն ընկերությունը տնօրինում էր վարձակալական հիմունքներով, ձեռք է բերել երկու միլիոն 706 հազար դրամով և դարձրել հյուրանոց։ Նախկին մարզպետի եղբայրը՝ նախկին գյուղապետ Հովհաննես Քոչինյանը, «Ազատությանն» ասաց՝ այժմ հյուրանոց դարձած մանկապարտեզի շենքը բանկում գրավադրված է։ Բանկի մասնագետները շենքը գնահատել են 23 միլիոն դրամ՝ 8,5 անգամ թանկ։ Բայց Քոչինյանը շեշտեց, որ մեծ ծախսեր են արել շենքի վերանորոգման վրա. - «Համեմատեք՝ Ալավերդիում ուրիշ հիմնարկներ ինչ գներով են սեփականաշնորհել, ու կտեսնեք տարբերությունը։ Մերը մյուսներից ամենաթանկն է», - նշեց նա։
Մանկապարտեզների շենքերն օտարելու մասին համայնքի ավագանու որոշումները հիմնականում կայացվել են 2005 թվականի վերջին, երբ կառավարությունում արդեն շրջանառության մեջ էր մանկապարտեզների օտարումն արգելելու նախագիծը։ Որոշումն ընդունվել և 2006 թվականի հունվարին ուժի մեջ է մտել։ Լոռու մարզպետը կասկածներ ունի, որ քաղաքապետարանում նախապես տեղյակ են եղել ուժի մեջ մտնելիք որոշման մասին։
«Տվյալ պաշտոնյաները, իմանալով այդ օրենքի մասին, որ դա արդեն ուժի մեջ է մտնում հունվարի մեկից, որոշել են արագ մանկապարտեզները օտարել, որովհետև հունվարի մեկից այլևս հնարավորություն չէին ունենալու օտարելու», - կարծում է մարզպետը։
Մանկապարտեզներն օտարելու շրջանում Ալավերդու քաղաքապետ է եղել Սարիբեկ Օհանյանը։ Նույն 2005 թվականի կեսերին ընտրվել է Արթուր Նալբանդյանը, ով հետագայում 7 տարի պաշտոնավարել է որպես Լոռու մարզպետ։ Բոլոր գործարքների դեպքում գույքի գնահատումն իրականացրել է նույն ընկերությունը՝ Վանաձորում գործող «Արմեն Ամիրբեկյան» գնահատման և անշարժ գույքի գործակալությունը։