Վարչապետն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարում Մայրավանքի «Ոսկե» գրքում, 20-ը նոյեմբերի, 2019թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։

Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո մոմավառություն է կատարել Մայրավանքում, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին և գրառում կատարել «Ոսկե» գրքում։

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։

Ողջունելով վարչապետին՝ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը նշել է. - «Այս վերջին շրջանում մենք ունեցանք դժվարություններ, բայց վստահ ենք, որ Աստծո օգնությամբ և ողջ հայ ժողովրդի, հայ պետականության թիկունքով և նեցուկով պիտի կարողանանք բոլոր դժվարությունները հաղթահարել»։

Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. - «Ցավում եմ, որ այստեղ լինելու առիթը կապված է ջրհեղեղի հետ։ Բայց, մյուս կողմից, իսկապես ուրախ եմ, որ անդառնալի, անվերականգնելի վնաս չի պատճառվել, և, ինչպես առիթ ունեցա գրելու մատյանում, Մխիթարյան միաբանությունը մեր իրականության մեջ իսկապես շատ մեծ դերակատարում ունի։

Այն ժամանակներում, երբ մեր ինքնությունը հայրենիքում վտանգված էր և նույնիսկ գտնվում էր ոչնչացման եզրին, Մխիթարյան միաբանությունը դարձավ այն տեղը, որտեղ մեր պատմությունը, մեր լեզուն, մեր գիտությունը, մեր արվեստն ուսումնասիրվեց, ըստ էության, մեր արմատների հետ մեր հաղորդակցության մի կարևորագույն գիտական առաջին հերթին օջախ դարձավ, և նրա դերն, իրոք, անգնահատելի է։ Ես շատ հուզված եմ այստեղ լինելու առիթով և համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունը՝ գիտության, հայագիտության, մեր պատմության, մշակույթի այս կոթողը, դեռ շատ երկար իր խորհրդանշական և գուցե, ուզում եմ նաև հավատալ և պիտի այնպես անել, որ գործնական դերակատարումը նույնպես շարունակի ունենալ»։