Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանքը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորություններն անցնելը») 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («հանցակցություն առանձնապես խոշոր չափերով յուրացմանը կամ վատնմանը») և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով («հանցակցություն պաշտոնեական կեղծիքին») նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ «նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին»:

Մասնավորապես, ասված է հաղորդագրությունում, պարզվել է, որ «Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012 թվականների ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ»:

«Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, ապա` այն համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու փոխարեն, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5.132.891 ՀՀ դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը», - շարունակում է ՀՔԾ-ն:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ»: «Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը համայնքի ղեկավարի ցուցումով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման և արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70.000 ՀՀ դրամով վաճառվել է Աշոտ Գևորգյանին», - նշված է հաղորդագրությունում:

Երեկ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նույն օրը որպես նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Լավրենտիկ Առաքելյանին` Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և Աշոտ Գևորգյանին` Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է: