Բաքուն կշարունակի լուրջ ուշադրություն դարձնել Նախիջևանի պաշտպանունակության ամրապնդմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի համազորային բանակի ստորաբաժանումներից մեկում, արխիվ

Պաշտոնական Բաքուն շարունակելու է լուրջ ուշադրություն դարձնել Նախիջևանի պաշտպանունակության ամրապնդմանը: Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ժամանակ շաբաթասկզբին նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հաշվի առնելով Նախիջևանի բարդ աշխարհագրական դիրքը, այն հանգամանքը, որ հանրապետությունը արդեն երկար տարիներ գտնվում է շրջափակման մեջ և երեք կողմից շրջապատված է թշնամիներով, մենք մեր ուշադրությունը սևեռում ենք հատկապես անվտանգության ապահովմանը: Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել բանակաշինության ասպարեզում: Նախիջևանի բանակը այսօր զինված է ամենաժամանակակից սպառազինությամբ», - հայտարարում էր Ալիևը` հատուկ հետաքրքրվելով, թե ինչ վիճակում են Հայաստանի հետ սահմանին տեղակայված բարձրլեռնային հենակետերը, և արդյոք դրանց` զինամթերքով և սննդամթերքով մատակարարումը բնականոն է իրականացվում:

Պատասխանելով այս հարցին՝ Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովն անուղղակիորեն հաստատեց, որ հանրապետությունում տեղակայված առանձին համազորային բանակի` Հայաստանի հետ սահմանին գտնվող հենակետերի մի մասը ձմեռային ամիսներին կտրված է արտաքին աշխարհից:

«Կարելի է ասել, որ այժմ բոլոր հենակետեր տանող ճանապարհները կառուցված են: Որոշ հենակետերի մատակարարումները, սակայն, մենք իրականացնում ենք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Բոլոր հենակետերի հետ կապը հաստատված է, և դրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով մինչև հաջորդ տարվա հունիս ամիսը: Ծառայության կազմակերպման առումով որևէ խնդիր չկա», - պնդում էր Թալիբովը:

Ադրբեջանի նախագահի խոսքով, սակայն, առաջիկայում ինքնավար հանրապետությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի նախևառաջ սեփական եկամուտների աճի ապահովմանը: Արդեն մի քանի տասնամյակ է ինչ Նախիջևանը փաստորեն ապրում է Բաքվի հաշվին, ակնարկում էր Ալիևը:

«Նախիջևանի բյուջեի միայն 22 տոկոսն է ձևավորվում տեղական եկամուտների հաշվին, այսինքն՝ 383 միլիոն մանաթից 300 միլիոնը Բաքվից ստացվող դոտացիան է: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին հարկավոր է մեծացնել Նախիջևանի տեղական եկամուտների ծավալը, ինչը թույլ կտա սոցիալական և արդյունաբերական ծրագրերի իրագործման ավելի լայն հնարավորություններ ստեղծել», - հայտարարում էր Ալիևը: