Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանած ընկերության հիմնանորոգած ճանապարհը 1,5 տարվա ընթացքում շարքից դուրս է եկել

Արագածոտնի մարզի երկու գյուղերն իրար կապող հիմնանորոգված ավտոճանապարհի շուրջ մեկ կիլոմետրանոց հատվածն ընդամենը մեկ ու կես տարի անց շարքից դուրս է եկել:

Հիմնանորոգումն իրականացրել է Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ 2016-17 թվականներին: Բյուջեից ծախսվել է շուրջ 1,5 մլն դոլար:

Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ թեև 2017 թվականի դեկտեմբերին նշված ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել, սակայն պայմանագրով նախատեսված նորմատիվների խախտումներ եղել են, որոնց արդյունքում պետությունից հափշտակվել է ավելի քան 21 մլն դրամ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հոդվածով:

Գլխավոր դատախազությունից նաև հայտնեցին, որ վնասի չափը նախնական է, վերջնական և ամբողջական չափը կհստակեցվի համալիր փորձաքննությունից հետո:

Հարցին, թե ինչու է 1,5 միլիոն դոլարանոց հիմնանորոգումից հետո ավտոճանապարհի մեկ կիլոմետրը ընդամենը 1,5 տարի անց քանդվել, Հերմինե Նաղդալյանը չպատասխանեց: Ասաց, թե ընկերությունը 2016-ի կեսերից դադարել է իրենցը լինել: Հիմնանորոգումը, մեկ անգամ էլ նշենք, կատարվել է 2016-17 թվականներին:

«Տեղեկություն չունեմ նման քրեական գործի մասին: Ես այդ ՍՊԸ-ի հետ երկար ժամանակ է արդեն ընդհանուր ոչինչ չունեմ: Հա, մերն է եղել, բայց մենք դա շատ վաղուց վաճառել ենք արդեն, 2016-ի կեսերից արդեն վաճառված է եղել», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը:

Քրեական գործը հարուցվել է «Հետք» պարբերականի հրապարակումից հետո: Թեև Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ընկերությունը 2016-ի կեսերից իրենց չի պատկանել, լրագրող Տիրայր Մանուկյանը, այդուհանդերձ, իր երկարատև ուսումնասիրություններից հետո պարզել է, որ հիմնանորոգումն իրականացնելու ընթացքում ընկերութունը դեռ պատկանել է Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: Իսկ այս պահին ընկերությունը ղեկավարում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի որդին:

«Փաստացի այս նոր ձեռք բերողը պատասխանատվություն կրում է սպասարկման համար, բայց իր կառուցած ճանապարհը չէ։ Ինքը ընկերությունը գնել է կառուցած և սպասարկվող ճանապարհներով ու ստանձնել է այդ ճանապարհների երաշխիքային սպասարկումը», - «Ազատությանն» ասաց Տիրայր Մանուկյանը:

Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ, 1995-ից մինչև անցած տարի պատգամավորական մանդատ ունեցած Հերմինե Նաղդալյանը, ի դեպ, պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո հայտարարագրել է 10 անշարժ գույք և 40 մլն դրամ: Նաղդալյանի ամուսինը՝ կառավարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, պաշտոնը թողնելուց հետո հայտարարագրել է 15 անշարժ գույք, 100 և 50 հազար դրամների չափով 2 բաժնետոմս, 52 մլն 360 հազար դրամի չափով փոխառություններ, 11 մլն դրամ, 14 մլն 549 հազար 521 դրամի չափով եկամուտ, որից 2 մլն 600 հազար 994 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 11 մլն 948 հազար 527 դրամը` շահաբաժնից:

«Հետքը» միջհամայնքային ճանապարհին անդրադարձել է գյուղացիների ահազանգով: Տիրայր Մուրադյանը պատմում է, թե ինչպես է ասֆատլապատվել ճանապարհը․ - «Քանդված հատվածներում այնպիսի պատկեր էր, որ ասֆալտի տակ նույնիսկ ավազակոպիչ չկա, հողի վրա միանգամից ասֆալտ են արել: Գյուղացիները, որոնք նաև աշխատել էին այդ ճանապարհի վրա, պատմում էին, որ մեկ ամսում ավարտել են: 7 կիլոմետրանոց ճանապարհը կապիտալ նորոգելը մեկ ամսում, ինձ թվում է, շինարարները կասեն հնարավո՞ր է, թե՞ չէ»:
«Հայավտոճանի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի փոխանցմամբ՝ թերություններն իր միջոցներով պարտավոր է վերացնել կառուցապատող «Սիսիան բուատ» ընկերությունը՝ անկախ նրանից, թե ով է հիմա սեփականատերը․ - «Գարնանը մասնագիտական խմբով գնացել ենք, տեղում ուսումնասիրել ենք, դեռ մինչև «Հետքի» անդրադարձը: Կապալառուին գրավոր ներկայացրել ենք, որպեսզի այդ մի կիլոմետր հատվածը ինքը ամբողջությամբ նորոգի: Կապալառուն ուզում էր տեղային լուծումներով վերանորոգեր, մենք չհամաձայնվեցինք: «Հետքի» անդրադարձից հետո եղավ քրեական գործ: Այժմ մենք նաև ունենք նամակագրություն կապալառու ընկերության հետ, որտեղ ինքը պարտավորվում է 2020 թվականին բարենպաստ եղանակային պայմաններում անմիջապես վերացնի այդ մոտավորապես մի կիլոմետր հատվածի բոլոր թերությունները»:

Գոռ Ավետիսյանը բջջայինի հավելվածով է հետևում Հայաստանի ողջ տարածքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին: Փաստորեն ամենաաղետալի վիճակում են գտնվել Սյունիքի ու Տավուշի մարզի ճանապարհները, որոնք արդեն ընդգրկված են նորոգման աշխատանքներում:

Ավետիսյանն ասաց, որ նախորդ կառավարությունն ամեն տարի նախատեսվածից քիչ գումար է հատկացրել ասֆալտապատմանը․ - «2014 թվականին, եթե չեմ սխալվում, իրականացվել է վերլուծություն, թե որքան գումար պետք է հատկացվի ճանապարհների ներկայի մակարդակը պահպանելու համար: Եվ ըստ այդ վերլուծության, պետք է ճանապարհներին հատկացվեր տարեկան 24 միլիարդ գումար: Բայց ամեն տարի հատկացվել է մոտավորապես 10 միլիարդ գումար: Այդ իսկ պատճառով մեր ճանապարհների վիճակում ամեն տարի վատթարացում է գրանցվել: Միայն այս տարի է, որ մոտավորապես 30 միլիարդ՝ գրեթե կրկնակի-եռակի գումար նախատեսեց կառավարությունը հիմնանորոգման և միջին նորոգման համար»:

Գլխավոր դատախազության տվյալներով, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 9 ամիսներին, ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 12 քրեական գործ:

Իսկ ահա Արագածոտնի մարզի Քուչակ և Եղիպատրուշ գյուղերն իրար կապող քանդված ճանապարհի համար ո՞վ պետք է պատասխանատվության ենթրակվի, ո՞վ պետք է պետությունից հափշտակված ավելի քան 21 մլն դրամը փոխհատուցի՝ ընկերության նախկի՞ն, թե՞ ներկա բաժնետերերը, ցույց կտա քննությունը: