Այս տարի Հայաստանի տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան ծրագրված է պետական բյուջեում, կամ տարվա սկզբին կանխատեսում էին միջազգային ֆինանսական կառույցները:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովայի խոսքով, սպասվում է, որ տարին Հայաստանը կփակի մինչև 7 տոկոս տնտեսական աճով, մինչդեռ այսօր «Ազատության» հետ զրույցում նա հիշեցրեց, որ դեռ ապրիլին հիմնադրամը կանխատեսել էր 4.6 տոկոս տարեկան տնտեսական աճ:
«Գալիք տարվա տնտեսական աճի համար մեր կանխատեսումը մեծամասամբ նույնական է Հայաստանի կառավարության կանխատեսման հետ: Այս տարվա համար կանխատեսում ենք 6.5-7 տոկոս աճ, 2020թ․ և միջնաժամկետ հեռանկարի համար աճը կանխատեսում ենք 4.5 տոկոսից 5 տոկոսի շրջակայքում: Կարծում եմ՝ նման կանխատեսումը հիմնավորված է», - ասաց նա:
Ուստյուգովան ներկայացրեց պատճառը, որը հանգեցրել է ավելի բարձր տնտեսական աճի. - «Այս տարվա հայաստանյան տնտեսական աճն ավելին է, քան մենք սպասում էինք: Այո, անցած մեկ տարում մենք վերանայեցինք մեր կանխատեսումները, որովհետև սպառումն ու հատկապես մասնավոր սպառումը Հայաստանում շատ ավելի աշխույժ էր, քան կանխատեսել էինք: Անշուշտ, դրական է, որ տնտեսական ակտիվությունն աճում է, սակայն այդքան էլ լավ չէ, որ նման աճի պատճառը սպառումն է, ոչ թե ներդրումները, որովհետև ներդրումներն են, որ հիմք են ստեղծում ապագա աճի համար: Ուստի, մարտահրավերները շարունակում են մնալ՝ ինչպես ստեղծել կայուն, երկարատև տնտեսական աճ, այնպիսի աճ, որի հիմքում ընկած կլինեն ներդրումներն ու արտահանումը, ոչ թե սպառումը», - հայտարարեց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչը:
«Ազատության» հարցին՝ ինչո՞վ է բացատրում ներդրողների պասիվությունը, նա պատասխանեց. - «Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ անցած տարի Հայաստանն անցումային փուլում էր: Այն մի փուլում է, երբ իշխանությունները դեռ աշխատում են ռազմավարությունների, առաջնահերթությունների ուղղությամբ, որոնք ապագայում առաջ են մղելու տնտեսությունը: Այդ իսկ պատճառով ներդրողների մոտ սպասողական մոտեցում է: Որոշ ներդրողներ վերաիմաստավորում են իրենց ներդրումները տարածաշրջանային համատեքստում»։
Ինչ վերաբերում է հայաստանյան տնտեսության վիճակին անցած տարվա թավշյա հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում, ապա Յուլյա Ուստյուգովան նկատեց, որ անցած երկու տարիներին Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակը կայուն էր, ՀՆԱ-ն աճել է, գնաճը զսպված էր, ֆինանսական սեկտորը դիմադրողականություն է ցուցաբերել, վարկերի աճը նպաստել է տնտեսական ակտիվությանը, հարկային մուտքերն են աճել:
«Ուստի, ընդհանուր առմամբ մակրոտնտեսական իրավիճակը լավ էր: Սակայն, դեռևս կան կառուցվածքային խնդիրներ, գործազրկության, աղքատության մակարդակները բարձր են, տնտեսությունը դեռևս խոցելի է արտաքին ցնցումների համար, տնտեսական աճը նեղ հենք ունի, կան բազմաթիվ կառուցվածքային խնդիրներ: Լավ է այն, որ ներկա մակրոտնտեսական իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում կառուցվածքային բարեփոխումներն արագացնելու համար: Վատ հանգամանքներ չկան: Պետք է առաջ մղել բարեփոխումները համապարփակ, հետևողական եղանակով՝ մտորելով հետագա քայլերի մասին և ապահովելով համագործակցություն քաղաքականության առանցքային իրականացնողների միջև», - ավելացրեց նա:
Ըստ Ուստյուգովայի, Հայաստանի կառավարության նախաձեռնած հարկային փոփոխություններն ի զորու են ակտիվություն առաջացնել փոքր ու միջին բիզնեսում: Նա նշեց՝ գալիք տարվանից Հայաստանում հարկային բեռը վերաբաշխվելու է:
«Բարեփոխումների փաթեթը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը ներառում է եկամտահարկի, շահութահարկի իջեցում, փոքր ու միջին բիզնեսի համար հարկերի պարզեցում ու նվազեցում: Նպատակը խթանների ստեղծումն է, որոնք կնպաստեն տնտեսական աճին: Իսկ փոքր ու միջին բիզնեսի համար հարկերի պարզեցումն ու նվազեցումը կարող է նպաստել ինքնազբաղվածության աճին, որն էլ կարող է հանգեցնել աղքատության կրճատմանը: Այս ամենը կարևոր է:
Փաթեթի երկրորդ մասը նույնպես կարևոր է, որովհետև այն ներառում է այնպիսի միջոցներ, որոնք կփոխհատուցեն հարկային մուտքերի հնարավոր նվազումը՝ փաթեթի առաջին մասի իրականացման արդյունքում: Այս նպատակով բարձրացվելու են ակցիզային հարկերը: Ինչո՞ւ է կարևոր կանխել հարկային մուտքերի անկումը, որովհետև Հայաստանը կարևոր նեդրումների կարիք ունի ենթակառուցվածքներում, մարդկային կապիտալում: Այդ երկուսն էլ կարևոր են փոքր ու միջին ձեռնարկությունների և ընդհանրապես ներդրումների համար, ինչպես ցածր հարկերը», - եզրափակեց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչը:
Հարցազրույցի անգլերեն տարբերակը դիտեք այստեղ.