Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների և նրանց տատիկի բնակարանում ծխատարը փակ է եղել

Ժաննա Սիմոնյանն ու իր չորս թոռները Նոր Հաճնում եռահարկ շենքի վերջին հարկում էին ապրում: Այժմ բնակարանում իրավապահները դատատեխնիկական փորձաքննություն են իրականացնում: 

Շաբաթ կեսօրին այստեղ հայտնաբերվել են 77-ամյա տատիկի ու նրա 16,15,14 և 12 տարեկան թոռների մարմինները: Ըստ նախնական տվյալների, նրանք մահացել են շմոլ գազի թունավորումից։

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու, իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հոդվածով:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ արձանագրվել է, որ օդատարում և ծխատարում խախտումներ կան: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններ: Նշեմ, որ դիակի վրա բռնության հետքեր չկան, իսկ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիերի վրա եղել են այնպիսի հետքեր, որոնք բնորոշ են շմոլ գազից թունավորվելուն», - հավելեց Հարությունյանը:

Տատիկը 12-ամյա Սերինեի ու 14-ամյա Ժաննայի հետ ննջարանում է եղել, երկու տղաները՝ լոգարանում։ «Էյ-Ի-Ջի» ընկերության «Նաիրի» տեղամասի պետ Արմեն Ասատրյանի խոսքով՝ բնակարանում գազասարքերի անվտանգությունն ստուգել են 6 ամիս առաջ․ - «Արձանագրած որևէ խնդիր չունենք: Փականագործը, եթե նկատած լիներ որևէ խախտում, անպայման կարձանագրեր»:

Անվտանգության ազդանշանային սարքը, ըստ տեսուչների, բնակարանում անջատած է եղել: Տանը երկու գազասարք կա, երկուսն էլ խոհանոցում՝ ջրատաքացուցիչ և գազօջախ, «Էյ-Ի-Ջի» սերվիսում ենթադրում են, որ տանը տաքանալու համար գազօջախն են օգտագործել:

Արմեն Ասատրյան․ - «Գազօջախը, իմ սուբյեկտիվ կարծիքով, օգտագործել են ջեռուցման նպատակով, որը որ կտրականապես արգելվում է»:

Արդյո՞ք փակ ծխատարը, ինչպես պնդում են տեսուչները, ստուգվել էր հերթական այցի ժամանակ․ սա կպարզի քննությունը:

Ժաննա Սիմոնյանն իր չորս թոռների խնամակալ էր ճանաչվել 6 տարի առաջ, երբ ամուսնալուծությունից հետո հեռացավ նախ նրանց ուկրաինուհի մայրը, ապա՝ հայրը։

Նոր Հաճնի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գայանե Պապյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց․ - «2012 թվականից երեխաներին տատիկն էր խնամում: 2013 թվականից նոր որոշում ունենք, որ իրեն նշանակել ենք խնամակալ»:

Պապյանն ասում է, որ ընտանիքը սոցիալական վատ վիճակում էր, բազմաթիվ խնդիրներ ունեին, սակայն այդ մասին բարձրաձայնել չէին սիրում․ - «Մոր հետ կապի բացակայությունը իրենք խնամքով թաքցնում էին, ասում էին՝ օգնում ա․ վարսավիր ա աշխատում: Աղջիկն ասում էր՝ ես էլ պտի գնամ մամայիս հետ աշխատեմ: Բայց գիտեինք, որ սուտ ա ասում»:

Հարևանները ցավով են պատմում, թե ինչ դժվարությամբ են մեծացել երեխաները: Նրանց հորեղբայրն էր օգնում, որը մահացել է երկու տարի առաջ:

«Ամբողջ ամառը մոշ էին հավաքում, ծախում, որպեսզի տատիկին օգնեն», - պատմում է հարևաններից Եվգենյա Թովմասյանը:

Հարևաններն ասում են, որ երեխաների խնամակալ տատիկը մանկավարժ էր, շատ լավ է դաստիարակել երեխաներին:

Աղջիկները՝ Ժաննան ու Սերինեն, ֆուտբոլի էին գնում և հաջողություններ ունեին:

Չորս երեխաներից երկուսը՝ Տիգրանն ու Ժաննան Բյուրեղավանի գիշերօթիկում են եղել: Հաստատությունը փակվեց այս տարվա սեպտեմբերին: Աղջիկը կրթությունը հարևան դպրոցում էր շարունակում, իսկ Տիգրանը դպրոց այդպես էլ չի գնացել, այնինչ դեռ 15 տարեկան էր:

«Ասեց՝ ուզում եմ աշխատեմ», - փոխանցեց Գայանե Պապյանը:

Աշխատում էր նաև 16-ամյա Էդուարդը, բայց՝ դասերին զուգահեռ:

Երրորդ հիմնական դպրոցում էին սովորում աղջիկները: Դպրոցում ու նրանց դասարաններում լռություն է, միջանցքում մոմեր են ու նաև նրանց ձեռքի աշխատանքները:

Երեխաների հայրը երեկ լրատվամիջոցներով օգնություն էր խնդրել, թե՝ շտապել է Հայաստան հասնել, բայց չի լրացրել միգրացիոն փաստաթուղթն ու ձերբակալվել է: Խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, որ կարողանա հասնել իր երեխաների և մոր հուղարկավորությանը:

Արտգործնախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ժամեր առաջ տեղեկացրեց, որ Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում։ Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և նա վաղն առավոտյան կլինի Հայաստանում: