Գյումրիի նորակառույց ավտոմաքսատունն այսօրվանից սպասարկում է ավտոներկրողներին

Գյումրիի նորաբաց մաքսատան սպասարկման սրահը:

Վրաստանից, Ճապոնիայից ներմուծվող ավտոմեքենաներից բացի, նաև ավտոքարշակներով ներմուծված մեքենաները այսուհետ նոր մաքսատանը կմաքսազերծվեն:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ զուգահեռ կգործի Երևանի Նորագավթի մաքսատունը:

«Ամեն ինչ փորձելու ենք անել, որ բեռնարկղերով եկած մեքենաներն էլ կարողանանք ամսի 25-ից այստեղ (Գյումրիում) սպասարկել: Իրականում բեռնարկղերով սահմանը հատած ավտոմեքենաները միակն են, որ մնացել են այսօր Երևանում: Այն պահից, երբ որ բեռնարկղերն էլ կտեղափոխենք այստեղ, իսկ դա մոտ ապագայում է տեղի ունենալու, կարող ենք հայտարարել, որ ամբողջությամբ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը տեղափոխեցինք Գյումրի: Նորագավիթը, ամենայն հավանականությամբ, մինչև միգուցե տարեվերջ դեռ կգործի, որպեսզի Երևանում արդեն իսկ եղած ավտոմեքենաները կարողանանք պատշաճ սպասարկել», - հավելեց Ներսիսյանը:

Գյումրիի և Նորագավթի ավտոմաքսատներում միասին օրական սպասարկումը 1000 մեքենա կկազմի: Մինչև դեկտեմբերի 31-ը, երբ ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ կարգավորումներին համաձայն մաքսազերծման ավելի բարձր դրույքաչափերը, քաղաքացիները շտապում են հնարավորինս շատ մեքենա ներկրել:

ՊԵԿ-ը նաև հայտարարել էր, որ մեկ ամիս նախկին գներով մաքսազերծման հնարավորություն են գտել, և նախնական հայտարարագրմամբ հունվարին ևս հնարավոր է հին գներով իրականացնել գործընթացը:

Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ քանի որ նախնական հայտարարագրման ժամկետը մեկ ամիս է, ապա դեկտեմբերին սպասում են մեծ իրարանցում․ - «Նախնական հայտարարագիրը ունի մեկ ամիս կյանք, մեկ ամիս ժամկետ, և տրամաբանական է, որ դեկտեմբերի վերջին մի քանի օրը բավականին լուրջ աժիոտաժ ենք սպասում նախահայտարարագրման առումով: Մենք ինքներս փորձարկել ենք նախնական հայտարարագիրը, ամեն ինչ նորմալ աշխատում է: Եվ ավելին ասեմ․ ինքը բավականին լավ բան է, և միգուցե այլ տնտեսվարողների համար ևս սկսենք կիրառել և խրախուսել նախնական հայտարարագրումը: Որովհետև և՛ մեր, և՛ քաղաքացիների, տնտեսվարողների գործը շատ ավելի հեշտանում է»:

Գյումրիում ավտոմեքենա մաքսազերծող վարորդների միակ դժգոհությունը կապված է Գյումրի - Երևան ճանապարհի հետ: Նրանք ասում են, որ ձմռան ամիսներին Գյումրի հասնելը դժվար կլինի:

Ավտոմաքսատան կառուցմամբ Գյումրիում մեկնարկեցին Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքները: Միայն Գյումրիում կառուցվող կենտրոնի համար կպահանջվի 2 մլրդ դրամ: