Վաղը երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեր մեծագույն արվեստագետներից մեկի՝ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին նվիրված համերգը հարգանքի տուրք է Վարպետին և կներկայացնի նրա կապը Կոմիտասի հետ՝ կերպարվեստի, բանաստեղծության և երաժշտության միջոցով:
Համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի, «Շողակաթ» մանկական երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ կհնչի երգիչ, երգահան Վահան Արծրունու «Կոմիտաս․ տասը հայտնություն» երգաշարը, որը ստեղծվել է Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա: Համերգի մուտքն ազատ է:
Վահան Արծրունին այսօր պատմում էր, որ Արտո Չաքմաքչյանի մահվան բոթն առնելու գիշերը չի քնել․ - «Եվ եկա այն գաղափարին, որ պարտքերը պետք է վերադարձնել: Սա այն նվերի վերադարձն է, որ Արտոն արեց 15 տարի առաջ ինձ»:
2004 թվականին Նյու Յորքում ունկնդրելով Վահան Արծրունու հեղինակած այս երգաշարը՝ Արտո Չաքմաքչյանը ցանկություն է հայտնել իր գծանկարներով ձևավորել է այս երգաշարը ներկայացնող ալբոմը, և ահա վաղվա համերգի ընթացքում երաժշտասերներին կներկայացվեն նաև Արտո Չաքմաքչյանի գրաֆիկական աշխատանքները:
Վահան Արծրունի․ - «Նույն 2004 թվականին ես նախաձեռնեցի Կոմիտասի բանաստեղծությունների ժողովածու հրատարակումը, և այստեղ դուք տեսնում եք Արտո Չաքմաքչյանի ձևավորումը»:
«Պրինտ Ինֆո» հրատարակչությունն է հրատարակել թե՛ Կոմիտասի բանաստեղծությունները, թե՛ վերոհիշյալ ալբոմը: Հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը մտերիմ է եղել մեծ քանդակագործի հետ նրա կյանքի վերջին 15 տարիներին․ - «Հավաքական իմաստով Արտոյի համար մանկությունը դա Կոմիտասն է: Այլապես դժվար է բացատրել, թե ինչու քառասուն քանդակ պիտի աներ միայն Կոմիտասի թեմայով: Վիրտուոզ քանդակագործ լինելով հանդերձ՝ Կոմիտասին վերաբերվում է որպես մանկություն, որպես սկիզբ: Եվ սա բանաձև է տալիս նաև մեզ, պատգամ: Իր ստեղծագործություններից մեկն այդպես էլ կոչվում է՝ պատգամ: Ի՞նչ է պատգամում: Մոլորված, շփոթված մարդը, ժողովուրդը հնարավորություն ունի շտկելու՝ եթե պիտի վերադառնա սկիզբ: Ամենամոտ սկիզբը այսօր Կոմիտասն է»:
Համերգից առաջ այսօր հրավիրած ասուլիսին համերգի կազմակերպիչները ընդգծեցին նաև, որ այս տարվա հոկտեմբերի սկզբին 86-ամյա հասակում իր մահկանացուն կնքած մեր մեծանուն արվեստագետը, հայ ժամանակակից քանդակագործության հիմնադիրներից մեկը՝ Արտո Չաքմաքչյանը իր ողջ կյանքում անխզելիորեն է կապված եղել Կոմիտասի ստեղծագործությանը, նրա հեղինակած Կոմիտասի քանդակները կանգնած են աշխարհի տարբեր քաղաքներում:
Մինչդեռ մեր մայրաքաղաքում 1964 թվականին տեղադրված նրա Կոմիտասը բարբարոսաբար տեղահանվեց և Չաքմաքչյանի արվեստանոցի մուտքի մոտ ցուցադրաբար ջախջախվեց այն բանից հետո, երբ իտալական մամուլը գրել էր նրա մասին, որպես լավագույն քանդակագործներից մեկի: Այդ դեպքն ազդակ հանդիսացավ, որ 1948-ին Կահիրեից Հայաստան հայրենադարձած Արտո Չաքմաքչյանը 70-ականներին հեռանա Հայաստանից և բնակություն հաստատի Կանադայում, որտեղ էլ ապրեց իր հետագա ողջ կյանքը:
«Արտո Չաքմաքչյանի կյանը լի էր ինչպես նվաճումներով ու վերելքներով, այնպես էլ դրամատիկ պահերով: Ուղղակի պետական վերահսկողության պատճառով մարդը մտածել է երկիրը թողնելու և ավելի ազատ պայմաններում ստեղծագործելու մասին», - ասաց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ շարունակելով, - «Ես կարծում եմ, որ սա առիթ մեր հարգանքի տուրքը իր հիշատակի առջև ներկայացնելու: Սա առիթ է մեկնարկելու Արտո Չաքմաքչյանի ժառանգության վերաիմաստավորման և նոր կյանքի էտապը: Շատ լուրջ աշխատանքներ են տանում իմ գործընկերը՝ Նարինե Խաչատուրյանը, Ազգային ժողովի մեր գործընկերները Արտո Չաքմաքչյանի ժառանգությունը Հայաստան տեղափոխելու, ինչպես նաև այդ ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնելու ուղղությամբ»:
-----