Պաշտոնանկության պատճառները փորձեցինք պարզել Մովսես Հակոբյանից՝ ստանալով հետևյալ պատասխանը․ - «Դիմեք վարչապետի աշխատակազմ: Ձեզ այնտեղ կպարզաբանեն: Ես «Ազատության» ռադիոկայանին որևէ հարցազրույց չեմ տալիս»:
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետի որոշումները պայմանավորված են առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններով: Ռազմական գլխավոր տեսուչի պաշտոնը տեղափոխվել է Պաշտպանության նախարարության կազմ:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է մանրամասնում․ - «Քանի որ կոնկրետ պաշտոնանկության և նոր նշանակումների պրոցեսը Պաշտպանության նախարարության գործառույթից ավելի բարձր է, ես չեմ կարող կոնկրետ դա ասել: Բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել հետևյալը, որ այդ տեսուչի ինստիտուտը, որպես այդպիսին՝ իր պատկանելության, իր գործառույթների մասով, տեղափոխվում է Պաշտպանության նախարարություն՝ այլ անվամբ: Այլ անուն, այլ հաստիքներ, գործառույթը մնում է նույնը: Ուղղակի կառուցվածքային առումով, նախկինում Հայաստանի Հանրապետության նախագահին, այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթարկվող ինստիտուտը՝ իր ամբողջ թևերով, տեղափոխվում է Պաշտպանության նախարարություն»:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, նախարարության կառուցվածքային փոփոխություններն առաջիկայում կավարտվեն:
Հարցին, թե արդյոք Մովսես Հակոբյանն ու տեղակալները կվերանշանակվեն ձևավորվող ծառայությունում, ՊՆ խոսնակն արձագանքեց․ - «Չեմ կարող մեկնաբանել, թե երբ, ովքեր, ինչպես կնշանակվեն նոր կառուցվածքով հանդես եկող մարմնի ղեկավար և տեղակալներ»:
Վարչապետի որոշումից ժամեր անց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտոնանկություններին անդրադարձել էր Ազգայի ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․ - «Դա միայն վարչապետի իրավասությունն է»:
Իսկ այն, որ միաժամանակ պաշտոնանկ են արվել Մովսես Հակոբյանն ու նրա երկու տեղակալները, ըստ Անդրանիկ Քոչարյանի խոսում է այն մասին, որ «այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել, և վարչապետը կայացրել է որոշում»:
Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: