Մոսկվան Կիևին է վերադարձրել 2018-ի նոյեմբերին առգրավված երեք ռազմանավերը

Ուկրաինական ռազմանավերը դուրս են բերվում Կերչից, 17-ը նոյեմբերի, 2019թ․

Ռուսաստանը այսօր Ուկրաինային է փոխանցել 2018 թվականի նոյեմբերին Կերչի նեղուցում առգրավված երեք ռազմանավերը:

«Բերդյանսկ», «Յանի Կապու» և «Նիկոպոլ» նավերի վերադարձի մասին պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ռուսական կողմը պնդում էր, որ 2018-ի նոյեմբերի 25-ին ուկրաինական նավերը խախտել էին Սև ծովից Ազովի ծով անցման կանոնները: Մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ռուս սահմանապահները ձերբակալել էին նաև ուկրաինական նավերի 24 նավաստիների: Ուկրաինացի զինվորականներն ավելի քան կես տարի էին անցկացրել մոսկովյան բանտում: