ԱՄՆ-ը դատապարտում է Իրանում ցուցարարների դեմ ուժի կիրառումը և ինտերնետի անջատումը

Իրան - Բողոքի ցույցը Սպահանում, 16-ը նոյեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգները դատապարտել է Իրանում ցուցարարների դեմ ուժի կիրառումը և ինտերնետի անջատումը։ Սպիտակ տունը իր երեկվա հայտարարությամբ աջակցություն է հայտնել «իրանական ժողովրդին իր խաղաղ բողոքի ցույցերում»:

Հայտարարությունը հաջորդել է Իրանի իշխանությունների այն հայտարարությանը, որ պետությունը սահմանափակում է վառելիքի ձեռքբերման հնարավորությունը քաղաքացիների համար, նաև կրճատում վառելիքի գների սուբսիդավորումը՝ ամերիկյան պատժամիջոցների ֆոնին։

Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ պատրաստ են խիստ պատասխան տալ բողոքի զանգվածային ցույցերին, որոնք անցկացվում են երկրի արդեն գրեթե 100 քաղաքներում։

Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվել է մոտ հազար մարդ:

Ըստ պետական լրատվամիջոցների հաղորդումների, ցույցերի ընթացքում հարյուրից ավելի բանկեր և խանութներ են այրվել: