«Մի կողմից Ազգային ժողովը հանդես չի բերում բավարար կամք և վճռականության՝ այս հարցը մեկընդմիշտ լուծելու, մյուս կողմից ժողովրդավարության նկատմամբ մենք տեսնում ենք ոտնձգություններ Սահմանադրական դատարանի կողմից», - Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը խայտառակություն է որակում Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագիծը։
«Դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ գործ ունենք, մենք մարդկանց ուղղակի հանցակից ու մասնակից ենք համարում նախկին 20-25 տարիների իշխանության յուրացման կամ բռնազավթման մեջ ուղղակի մասնակից ենք նկատում և նրանց առաջարկում ենք այսպիսի արտնոյալ պայմաններով թոշակի գնալ, անթույլատրելի է», - ասաց Բաբաջանյանը։
Կառավարության կողմից օրերս հաստատված ու Ազգային ժողով ուղարկված նախագիծը Սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկում է անցնել վաղ կենսաթոշակի։ Ընդ որում՝ օրինագծով պահպանվելու են ՍԴ դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները. եթե դատավորները հրաժարական ներկայացնեն մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, ապա կստանան հրաժարականի պահին ստացած աշխատավարձի չափ կենսաթոշակ:
Այդ արտոնությունից դատավորները հնարավորություն կունենան օգտվել մինչև Սահմանադրությամբ սահմանված իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համամիտ չէ պատգամավոր Արման Բաբաջանյանի տեսակետի հետ։ Սաքունցի խոսքով՝ անցումային այս շրջանում վեթինգի կարևոր գործիքներից մեկը հենց օրենսդրականն է։
«Պետք է տալ, Կարնեգիի ասած, մարդկանց իրենց դեմքը փրկելու հնարավորություն, մի քանի անգամ է տրվել, ես կողմ եմ միայն օրենքի տարբերակով, պետք է միմիայն, բացառիկ մեթոդը օրենքով սահմանված միջոցներն են՝ հաստատ ոչ դատարանների շրջափակումը տարբերակ է և այլն, և այլն», - նշեց Սաքունցը:
Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ բարոյական չի համարում հրաժարական տալն ու հարկատուների հաշվին մոտ 700 հազար դրամ կենսաթոշակ ստանալը։ Այսօր էլ հայտարարեց՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մեկ լուծում կա։
«Բնականաբար մենք հակասահմանադրական որևէ ճանապարհի հետ համաձայնվել և առաջարկել չենք կարող և այստեղ ասվեց նաև սահմանադրական փոփոխությունների ժամանակ դա պետք է գա Սահմանադրական դատարան և Սահմանադրական դատարանի գնահատականը ստանա: Մի տարբերակ կա միայն, դա նոր Սահմանադրության ընդունումն է», - ասաց Գյուլումյանը։
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը իշխող խմբակցությունում ճգնաժամ են որակում, իսկ լուծման տարբերակներից մեկն էլ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դատավորների վաղ կենսաթոշակի նախագիծն է համարում։ Պատգամավորը նկատեց՝ հրավիրված քննարկմանը ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չհակադարձեց Սահմանադրական դատարանի ճգնաժամի, լեգիտիմության վերաբերյալ իր և գործընկերների արած հայտարարություններին։
«Երբ ասում ենք Սահմանադրական դատարանում ճգնաժամ, ինձ համար գոնե էս ամբողջ մեկ ժամից ավել քննարկման ընթացքում մի բան պարզ դարձավ, որ Դուք որևէ հակադարձում չբերեցիք, որ՝ «ոչ Սահմանադրական դատարանի նկատմամբ լեգիտիմության պակաս չկա կամ ճգնաժամ չկա», սա էլ իմ կարծիքով չարեցիք ոչ թե նրա համար, որ չցանկացաք քաղաքական բանավեճի մեջ մտնել, որովհետև Դուք էլ պարզ գիտակցում եք, որ, այո, կա լեգիտիմության պակաս և կա ճգնաժամ», - ընդգծեց Սիսակ Գաբիրելյանը:
Հեղափոխությունից հետո լեգիտիմ իշխանություն ձևավորվեց, անհրաժեշտություն է նաև նոր Սահմանադրական դատարան ունենալը, քանի որ այսօր հասարակության մոտ վստահություն չկա դատական համակարգի նկատմամբ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն այդ ասելով՝ մատնանշում է իրենց հարցումները, ըստ որոնց Հայաստանում ամենացածր վստահություն ունեցող իշխանությունը հենց դատականն է։ Հայաստանցիների ընդամենը 6,6 տոկոսն է ամբողջությամբ վստահում դատական համակարգին։
«Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ Սահմանադրական դատարանը իրենց մեջքին կանգնած մարմին է, իսկ հիմա Հայաստանի քաղաքացիները զգում են, որ Սահմանադրական դատարանը կանգնած է նախկին կոռումպացված համակարգի մեջքին», - նշեց Իոաննիսյանը:
«Հրայր Թովմասյանը այդ դատարանը իր համար վերջին բաստիոն է դարձրել և մյուս անդամների հետ դիրքավորվել է այդ խրամատում և պատերազմ է, ըստ էության, հայտարարված հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին իրենց ժողովրդավարության և իրավունքների համար մղվող պայքարում», - ասաց Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է Ազգային ժողովը լուծի՝ իրավաքաղաքական գնահատական տալով 1996 թվականից կայացրած բոլոր, հատկապես ընտրությունների վերաբերող որոշումներին։
Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին առաջինը բարձրաձայնեց անցած տարի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը՝ իր ընտրության օրը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելով, թե բարձր դատարանի ինը հոգանոց կազմում միայն երկու դատավոր կա, որ ընտրվել են նոր Սահմանադրությամբ, իսկ մյուսները, այդ թվում և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որ ընտրվել են հին Սահմանադրությամբ, անդամներ են և դատավորի լիազորություններ չունեն, ուստի չպետք է շարունակեն պաշտոնավարել։