Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ կան հարուցված քրգործեր

Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր, մի քանիսն էլ արդեն հասել են դատարաններ: Գլխավոր դատախազությունը վերջերս ուսումնասիրություն է անցկացրել մարզի 7 դպրոցներում, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանի փոխանցմամբ՝ երեքում առերևույթ չարաշահման փաստով քրեական գործ հարուցելու հիմքեր են տեսել։

«Նախապատրաստվել են նյութեր և դրանցից չորսով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ, քանի որ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, իսկ երեքով կոնկրետ Կրասար, Մեծ Սարիար և Գյումրու թիվ 24 դպրոցի վերաբերյալ տեղեկություններով նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 314 և 325 հոդվածների հատկանիշներով: Գործերը ուղարկվել են նախաքննական մարմին, էս պահին կատարվում է նախաքննություն», - նշեց Օվսյանը:

Թե ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, Շիրակի մարզի դատախազի տեղակալը պատասխանեց․ «179 հոդվածը նախատեսում է յուրացման եղանակով հափշտակություն, 314-րդ հոդվածը պաշտոնական կեղծիք, իսկ 325-ը փաստաթղթի կեղծիք: Կոնկրետ տեղեկությունները, հիմքերը, որոնք ձեռք են բերվել, տվյալ ուսումնական հաստատություններում այն անձինք, ովքեր հրամանագրված են եղել և համապատասխան աշխատանքներ չեն կատարել, աշխատանքի չեն հաճախել ու այս հանգամանքներում նրանց անվամբ ելքագրվել է աշխատավարձի գումարներ, խոսքը վերաբերում է տվյալ անձանց, ովքեր իրականում աշխատանքներ չեն կատարել, նրանց նկատմամբ կեղծ փաստաթղթեր կազմելուն և նրանց անվամբ ելքագրված գումարները յուրացման եղանակով հափշտակելուն»:

Ըստ դատախազության հաղորդագրության, օրինակ, Գյումրու թիվ 24 դպրոցում 2014-2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներում որպես գործավար, հավաքարար, գրադարանավար և տնտեսվար գրանցվել են անձինք, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Մեկ դեպքում էլ պարզվել, որ անձին բակապահի հաստիքին 0,5 դրույքով նշանակելուց մոտ մեկ ամիս անց, այդ ընթացքում աշխատանք չկատարելու պայմաններում, տրամադրվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ:

Աշխատաժամանակի տեղեկագրերի կեղծմամբ՝ այդ անձանց անվամբ որպես աշխատավարձ կամ այլ վճարումներ, հատկացվել է ընդհանուր շուրջ 3 մլն դրամ, որը վատնման կամ յուրացման եղանակով հափշտակվել է:

Գյումրիի թիվ 24 դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Հայկ Հարությունյանը տարակուսած է, թե ինչու է հարուցվել քրեական գործ։

Ասում է՝ այդ մասին չեն ծանուցվել և իմացել են միայն համացանցում դատախազության տարածած տեղեկատվությունից հետո:

«Պարզ չեն մեղադրանքի էությունը և հիմքերը մեզ, քանի որ նյութերի նախապատրաստման ընթացքից ելնելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ բացատրություն տալով և նյութեր տրամադրելով որևէ չարաշահման մասին խոսք լինել չէր կարող, որովհետև, ըստ էության, բոլոր հարցերի պատասխանը, որոնք հետաքրքիր էր իրավապահ մարմիններին մեզ թվում էր իսպառ վերացվել է», - ասաց Հայկ Հարությունյանը:

Փաստաբանը վստահ է, որ նախաքննության ավարտին քրեական գործը կկարճվի․ «Մեծ ծավալի փաստաթղթեր են առգրավվել դպրոցից, միգուցե 10-օրյա նյութերի նախապատրաստման ժամանակը չի բավականացրել, որպեսզի ամբողջությամբ պարզվի և դրա համար քրեական գործ են հարուցել, որպեսզի ավելի մանրամասն հնարավորություն ունենան զննելու, բայց վստահ եմ, որ կհերքվի, որովհետև չկա որևէ ապացույց կամ որևէ աշխատակից, որ աշխատած չլինի գումար ստանա կամ աշխատած լինի և գումար չստանա»:

Դատախազի տեղակալն էլ հավելում է, որ քրեական գործ հարուցելու համար հիմքերը բավարար են եղել:

«Հիմքերը առկա են եղել, որ հարուցվել է քրեական գործ, հիմքերը ստուգվելու են : Միանշանակ կձեռնարկվեն բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կձեռնարկվեն, կշարունակվեն իրականացվել այդ գործողությունները, որի արդյունքում, եթե բավարար ապացույցների համակցում ձեռք բերվեց պաշտոնական կեղծիք և յուրացում կատարելու վերաբերյալ, համապատասխան անձանց վերաբերյալ կկայացվեն որոշումներ որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրանց կառաջադրեն մեղադրանքներ», - ընդգծեց Արտյոմ Օվսյանը:

Դատախազությունը կշարունակի ուսումնասիրությունները հանրակրթական դպրոցներում, նոր տեղեկատվության հարցմամբ դիմել են Շիրակի մարզպետին: Փաստաբան Հայկ Հարությունյանի կարծիքով՝ դատախազության այսօրինակ աշխատելաոճը խախտում է մարդկանց անմեղության կանխավարկածը:

«Մասսայական անմեղության կանխավարկած է խախտվում, հրապարակումներում նշվում է, որ էսինչ դպրոցում կատարվել է էսինչ հափշտակությունը, յուրացումը, առանց այդ անձին մեղադրանք առաջադրելու, առանց այդ մասին ցուցմունքներ վերցնելու, առանց բազմակողմանի քննություն կատարելու արդեն իսկ հրապարակումներ են կատարվել, մենք բազմաթիվ անգամներ դիմել են դատախազությունը, որ խնդրում ենք, գոնե հաստատված մեղադրանքների դեպքում նոր հրապարակումներ կատարեք», - ասաց փաստաբանը: