Լեռնապատի գյուղապետին մտահոգում է անօթևաններին տան փոխարեն տան գումար տալու որոշումը

Լեռնապատ գյուղը Հայաստանում, արխիվ

1988-ի երկրաշարժից գրեթե հիմնովին ավերված Լեռնապատ գյուղի գյուղապետ Սարիբեկ Աբազյանը ցավով է ընդունել կառավարության երեկվա որոշումը գյուղի անօթևաններին ոչ թե տուն, այլ տան գումար տալու մասին։

Գյուղի 90 շահառու ընտանիքներից 55-ը համաձայնել են կառավարության առաջարկին և նախընտրել որպես փոխհատուցում գումար ստանալ պետությունից 30 տարի սպասված բնակարանի խնդիրները լուծելու համար. «55 ընտանիք, կարա դրանից մի 10-15 տուն ստեղ առնեն, մնացածը դուրս եկող, այսինքն՝ բնակարանաշինությունը գյուղում այդքան պակասում է բնականար, ես շատ ցավով եմ դա տանում, բայց դե ինչ արած, մարդկանց հարցրել են, մարդիկ ցանկացել են դա», - ասաց Աբազյանը։

Կառավարությունը մոտ մեկ միլիարդ 300 միլիոն դրամ կծախսի Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերի 227 տնակներում ապրող ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր տալու համար։ Գյուղական բնակավայրերի 453 շահառուների ուղիղ կեսը նախընտրել է բնակարանային խնդրի լուծման այս տարբերակը։

Կադաստրից ստացված շուկայական գների մասին տվյալների համաձայն, կառավարությունը 45 քառակուսի մետր մակերեսով մեկ սենյականոց բնակարան գնելու համար հաշվարկել է 7100 դոլարին համարժեք դրամ, 55 քառակուսի մետր մակերեսով երկու սենյականոցի համար՝ մոտ 8700, 65 քառակուսի մետրանոց երեք սենյականոցի համար՝ մոտ 10.300 դոլարին համարժեք դրամ։ Շիրակում և Արագածոտնում մի փոքր թանկ է հաշվարկվել։ Երեկ կառավարության անդամները համոզմունք հայտնեցին, որ այս գումարը բավարար կլինի գյուղերում և հարակից բնակավայրերում տուն գնելու համար։

Նշենք, որ 2008թ. Վանաձորի հարակից Գուգարք գյուղում 11 ընտանիք գումար էր ստացել մեկ քառակուսի մետրը՝ 90 հազար դրամի հաշվարկով՝ 14 հազար դրամով ավելի, քան նախատեսել է ներկայիս կառավարությունը։ Եղել է նաև հակառակը, երբ կառավարությունը չնչին գներով փոխհատուցում է տվել գյուղացիներին։

Երկու տարի առաջ Լեռնապատում 33 ընտանիքից յուրաքանչյուրին մեկ սենյականոց բնակարան գնելու համար ընդամենը երեք միլիոն դրամ էր հատկացվել՝ մեկ քառակուսի մետրը գնահատելով մոտ 67 հազար դրամ։ Լեռնապատի գյուղապետ Սարիբեկ Աբազյանն ասում է՝ այդ գումարով որևէ ընտանիք ոչ տուն կառուցեց, ոչ էլ գնեց։
Գյուղապետի հաշվարկներով այսօրվա սահմանված գումարն էլ բավականին քիչ է։ Մտավախություն ունի, որ գյուղացիները դժվարություն կունենան այդ գումարներով տներ ձեռքբերել։ Բայց ավելի շատ մտահոգված է նրանով, որ գյուղերում վաճառվող այս քանակի տներ չկան։ Լեռնապատի 55 ընտանիքները, որոնք պետությունից գումար կստանան, ձգտելու են դեպի քաղաքներ կամ արտերկիր։

«Մեծամասնության կարծիքը և տրամադրվածությունը, որ քաղաքում պտի կարենան տուն առնեն, Վանաձոր, մեր գյուղում այդքան բնակարան չկա ծախու», - նկատեց նա։

Նախորդ տարիներին պարզվել էին բազմաթիվ դեպքեր, երբ կառավարությունից գումար ստացած ընտանիքներն իրենց մտերիմների հետ նոտարների իմացությամբ առուվաճառքի կեղծ պայմանագրեր էին կնքում, գումարն ստանում պետությունից, բայց բնակարանի խնդիրը չէին լուծում։ Այդ մասին անցած տարի Վանաձորում տեղի ունեցած խորհրդակցություններից մեկի ժամանակ անգամ բարձրաձայնել էր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որ համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց առաջ Վանաձորի նոտարն էր։ Լեռնապատի գյուղապետ Սարիբեկ Աբազյանը չի բացառում, որ այսօր էլ կլինեն նման դեպքեր։

Կառավարությունը 6 ամիս ժամկետ է սահմանել բնակարաններ ձեռքբերելու համար։ Երեկվա որոշմամբ այդ ընտանիքները պարտավորություն պետք է ստանձնեն ֆինանսական աջակցությունն ստանալուց և բնակարան ձեռքբերելուց հետո քանդել ժամանակավոր կացարանը։ Կառավարությունը նաև սահմանել է, որ նախատեսված 6 ամսում բնակարան ձեռք չբերելու կամ տրամադրվող վկայագրից հրաժարվելու դեպքում ընտանիքները չեն զրկվում պետության հետագա աջակցությունից։ Նրանք կարող են օգտվել բնակարանային ապահովման այլ ծրագրերից։