Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել օրերս Սիրիայում հայ կաթոլիկ հոգևորականների սպանության վերաբերյալ:
«Ցավով տեղեկացանք «Ժողովրդավարական միություն կուսակցություն (Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր) Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PYD/YPG/PKK) ահաբեկչական կառույցի վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղի ունեցած նողկալի հարձակման հետևանքով Սիրիայի հայ համայնքի անդամ հոգևորականի մահվան մասին:
Խստորեն դատապարտում ենք այս ահաբեկչությունը և ցավակցություն հայտնում Սիրիայի ժողովուրդին: Տեղի ունեցածի ուղղակի կասկածյալները տարածաշրջանում գործող և սիրիացիներին, այդ թվում`քրիստոնյաներին մշտապես թիրախավորող ահաբեկչական կազմակերպություններն են», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև ընդգծել է՝ Թուրքիան գործակցելու է միջազգային հանրության հետ այս ահաբեկչական հարձակման մեղավորներին գտնելու համար:
Հիշեցնենք, նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները սպանել էին Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: