ՀՀ դատախազությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերվել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ և մոտ 8 խ/մ վառելափայտ:
Պարզվել է, որ նշված տարաները փայտածուխի արտադրամասի բաղկացուցիչներ են, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնի անտառապահին և շահագործվում է մեկ այլ անձի կողմից:
Վերջինս «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ձեռք է բերել թափուկ փայտանյութի համար նախատեսված տոմս, որից հետո 6-րդ պահաբաժնի անտառամասից երկու փուլով՝ 8-9 անգամ ընդհանուր 16 խ/մ փայտանյութը «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է փայտածուխի արտադրամաս, կուտակել, ապա դրա մի մասը այրմամբ վերածել փայտածուխի:
Այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տեղամասերից մեկի անտառապահին և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա հետ առերևույթ հանցավոր սխեմայի մեջ ներգրավված անձին, որոնք ընդունել են մեղքը:
Տես նաև այստեղ։