Իսրայելի հարավային շրջաններում, Թել-Ավիվում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Իսրայելի կառավարության արտակարգ նիստը, 12-ը նոյեմբերի, 2019թ․

Իսրայելի հարավային շրջաններում, Թել-Ավիվում լարված իրավիճակ է, բանակը ծանր հրետանի ու տանկեր է տեղափոխել Գազայի գոտուն հարակից շրջաններ։

Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրեական օդուժի կողմից Գազայում սպանվել էր Իսրայելում ահաբեկչական համարվող «Իսլամական Ջիհադ» կազմակերպության ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթան։ Սրան հաջորդել էր Իսրայելի բանակի գործողությանը. հաշվված ժամեր անց «Իսլամական Ջիհադ»-ն սկսեց Իսրայելի հարավային շրջանների ինտենսիվ հրթիռակոծությունը, որ երեկ ողջ օրվա ընթացքում չդադարեց:

Թիրախավորվել էին ոչ միայն Գազային հարակից երկրի հարավային շրջանները, այլև Թել-Ավիվն ու նրա շրջակա խոշոր քաղաքները, նույնիսկ Երուսաղեմին հարակից բնակավայրերում հրթիռներ են ընկել: Այս պահին իրավիճակը մնում է լարված:

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, սպանվել է 12 քաղաքացի, վիրավորվել՝ 50 մարդ։ Հրեական «Մագեն դավիդ ադոմ»-ի հաղորդմամբ, 48 հրեա է հոսպիտալացվել: Հայերի շրջանում տուժածներ չկան:

Իսրայելական բանակը ծանր հրետանի ու տանկեր է տեղափոխել Գազայի գոտուն հարակից շրջաններ, հայտարարվել է պահեստազորայինների հավաք: Ուշագրավ է, որ այս անգամ «Համաս» խմբավորումը չի մասնակցում Իսրայելի տարածքի հրթիռահարումներին, այլ միայն «Իսլամական Ջիհադ»-ը, իսկ հրեական բանակը ռազմական օպերացիաներ է իրականացնում «Իսլամական Ջիհադ» և «Ալ Քուդս» ահաբեկչական խմբավորումների դեմ:

Երեկ երեկոյան վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության անվտանգության արտակարգ նիստ էր հրավիրել նորանշանակ պաշպանության նախարար Նավթալի Բենետի, պաշտպանության բանակի շտաբի պետի, «Շաբաքի» և այլ ուժային կառույցների ու թիկունքի ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի վարչապետը նաև հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «Իսլամական Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթան նախաձեռնել, պլանավորել և իրականացրել էր բազմաթիվ ահաբեկչական գրոհներ: Նա հարյուրավոր հրթիռներ էր արձակել Իսրայելի համայնքների վրա: Նա այս օրերին պլանավորել էր ավելի շատ գրոհներ:

«Այս եղանակով գործելու վերջնական որոշումը կառավարության կողմից միաձայն հաստատվել էր տասը օր առաջ, և կառավարությունն ինձ լիազորեց կարգադրել այն ժամանակը, որը առաջարկվում էր Իսրայելի պաշտպանության բանակի և հատուկ ծառայությունների կողմից։ Նրանք սահմանված ժամկետում հայտնաբերել էին գործողությունների իրականացման եզակի պատուհանը` օպտիմալ պայմաններում առավելագույն հաջողության հասնելու համար, և նվազագույնի հասցրել հարակից վնասները: Այս ամենի ֆոնին ես որոշեցի ընդունել նրանց համատեղ առաջարկությունը և հաստատեցի գործողությունների կատարումը», - երեկ երեկոյան հայտարարեց Բենիամին Նեթանյահուն:

Ղեկավարությունը երեկ երկրի կենտրոնում և հարավում չեղարկել էր ուսումնական հաստատությունների աշխատանքը, սակայն արդեն այսօր կենտրոնի խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացը վերսկսվեց: Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել հարավային Սդերոդ, Աշկելոն, Աշդոդ քաղաքներում, որտեղ մարդիկ աշխատանքի չեն հաճախում և օրվա մեծ մասն անցկացնում են ռմբապաստարաններում:

Ի դեպ, Աշկելոնում և Աշդոդում կան հայկական ընտանիքներ, սակայն մարդիկ արդեն վարժվել են հակամարտության առկայությանը և կատարում են թիկունքի ծառայության հրահանգները:

Երկրի ամենախոշոր հայաշատ կենտրոն Բեեր Շևան այս անգամ չի թիրախավորվել: Հայկական համայնքի ներկայացուցիչների փոխանցմամբ, աշխատանքի չեն հաճախում, բայց հրթիռահարումների չեն ենթարկվել: Հիշեցնենք, որ հարավում հայկական բնակչության թիվը մեծ չէ, մոտ 300 մարդ է ապրում: